«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարության, այսպես ասած, «ղեկավարը» պնդում է, որ հարկավար են ամուր նյարդեր խաղաղության դարաշրջանի բացման համար: Այսինքն՝ «խաղաղության դարաշրջանի» այս մարդկանց գործիքակազմը ամուր նյարդե՞րն են, իսկ տակի փիլիսոփայությունը «խաղաղություն» բառի կրկներգը ժողովրդի վրա վաճառելն է:

Գուցե տարրական դիտարկում է, բայց խաղաղության համար, այն է՝ երկրի անվտանգության ապահովման, մի քանի գործիքներ կան: Շատ, ընդհանուր առմամբ, ասված՝ ներքին հզորությունների զարգացում և կազմակերպում, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի հատման կետերը և բախումները հաշվի առնելով անվտանգության ապահովմանը միտված արտաքին քաղաքականության մշակում և իրականացում: Այսինքն՝ թշնամին չի հարձակվում միայն, երբ առկա են դրան դիմակայելու ներքին և արտաքին հզորություններ:

Իսկ ամուր նյարդերի վրա հղում անելը նշանակում է ոչ այլ ինչ, քան՝ մեր հայրենակիցները պետք է զոհվեն, մենք պետք է տարածք կորցնենք այնքան ժամանակ քանի դեռ Ադրբեջանը խելքի չի եկել և չի որոշել դադարեցնել Հայաստանի և հայ ժողովրդի քայլ առ քայլ ոչնչացումը:

Ո՛չ հիմարացմանը»: