Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների կայանալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) համամասնական ցուցակները տարբեր համայնքներում գլխավորում էին այնպիսի անձինք, ովքեր նախկինում ՀՀԿ-ական էին կամ վայելում էին ՀՀԿ-ի աջակցությունը։ Նրանցից Սարգիս Մուրադյանը, ով Սևան համայնքի ղեկավարն էր, նույնպես վերընտրվեց, սակայն ոչ թե ՀՀԿ-ի այլ ՔՊ-ի աջակցությամբ։ Իշխող քաղաքական ուժը հենց նրան սատարեց Սևանում և, ըստ էության, հենց նրա դեմքով վերցրեց այստեղ իշխանությունը։

37-ամյա Սարգիս Մուրադյանը մինչեւ քաղաքապետ ընտրվելը Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալն էր։ Նա 2016-ին հաղթեց անպարտելի թվացող Ուդոյին, ում առաջադրել էր ՀՀԿ-ական մեծամասնությունը։ Հատկապես մեծ շրջապատ ունի նրա աները, որին քաղաքում Կղզու Հակոբ են ասում․ նա Սեւանի թերակղզում օբյեկտ ունի եւ շատերին է «հաց տվել»։ Բացի այդ, Մուրադյանի թեկնածությունը տակից պաշտպանում է Գեղարքունիքի մարզպետ, այժմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Վերջինս էլ երաշխավորել է, որ Մուրադյանի ընտրվելու պարագայում իշխանության կողմից խոչընդոտներ չեն առաջանա. ինքը Նիկոլի «դաբրոն» կստանա։ Ընտրվելուց մեկ ամիս անց կարող ենք փաստել, որ Մուրադյանը գործի է անցել։ Անշուշտ, նրա առջև բարդ խնդիր է դրված' խոշորացմանը ընդդիմացող գյուղերին, համայնքներին համոզել է պետք, իսկ թե ինչ մեթոդներով' էական չէ։

Օրինակ' Ծովագյուղ, Սեմյոնովկա համայնքների փաստացի խոշորացման ճակատագիրը դեռ շարունակում է անորոշ մնալ։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։ Ծովագյուղի բնակիչները հույս ունեն, որ իրենց համայնքին միանալու է միայն Սեմյոնովկա գյուղը, մինչդեռ իրավական գործընթացն անշրջելի է։ Երկու համայնքներն էլ խոշորացվել են ինքաբերաբար՝ մաս դառնալով Սևան խոշորացված համայնքին, սակայն ավելի քան մեկ ամիս է, ինչ գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։ Այս հարցում կառավարությունը, կարծես թե, լուռ է։

Մուրադյանի որոշումներով արդեն իսկ կադրային փոփոխություններ են կատարվել, մասնավորապես նշանակվել են Լճաշենի, Չկալովկայի, Վարսերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Զովաբերի, Գեղամավանի ղեկավարների ԺՊ-ր.

Ինչպես տեսնում ենք՝ Սևանում նախկիններ-ՔՊ համագործակցության հաջողված համագործակցության դասական օրինակի ենք ականատես լինում, երբ նախկինները ոչ թե մերժվում են, այլ սատարվում, և հենց նրանց դեմքով է ՔՊ-ն վերցնում իշխանությունը....