Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Եկաթ»-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննությունը նշանակված է սույն թվականի հունվարի 26-ին ժամը 16։00-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԳՈՐԻՍ քաղաքում գտնվող նստավայրում։ Այս մասին հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։
Քրեական գործը հարուցվել էր Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։ Այդ օրերին ԱԱԾ-ն հայտարարեց, թե, իբր, Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել ու 2020թ նոյեմբերի 15-ին, ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին, Սիսական ջոկատիր լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթի», դաշնակցական Աշոտ Ավագյանին։ Դատարանների որոշմամբ՝ վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։
Ավելի քան մեկ արի անց հաստատվեց, որ քրեական գործի հարուցումը եղել է մտացածին եւ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և Աշոտ Ավագյանի նկատմամբ ՝ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այլ խոսքով՝ վերջիններս այժմ ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել, սակայն լեգենդար հրամանատարը շարունակում է կալանքի տակ մնալ։