2020թ. դեկտեմբերին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն արեց այսպիսի մի հայտարարություն. «Ադրբերանի տարածքների ազատագրումը բռնազավթումից չի նշանակում պայքարի ավարտ»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը.
«Ի՞նչ նկատի ուներ Էրդողանն իր այդ հայտարարությամբ, մանավանդ երբ դրան հաջորդեց այն խոսքը, որ պատերազմում իրենց արածը Էնվերի հոգին է փառավորել։
Էնվերը ուներ ծրագիր Կովկասի հայերի վերաբերյալ, որի մասին պատմել է Թալեաթը Խատիսյանին և դա տեղ է գտել վերջինիս գրքում։
Ըստ Էնվերի ծրագրի՝ ցեղասպանությունից հետո՝ արդեն 1918թ., երբ ռուսական զորքերը լքել էին Կովկասյան ճակատը, Թուրքիան պետք է բնաջնջեր նաև Կովկասում մնացած 2 միլիոն հայերին։ Ինչքան էլ պարադոքսալ թվա, սրան դեմ է եղել ինքը՝ Թալեաթը, և հայտնել Էնվերին, որ այդ բնաջնջումից հետո եթե նույնիսկ 100.000 հայ մնա աշխարհի երեսին, գլխացավանք է դառնալու Թուրքիայի համար։
Ամեն դեպքում Էրդողանի կողմից Բաքվում Էնվերի հոգին փառավորելը և պայքարի ավարտված չլինելու մասին հայտարարելը խոսում է հենց էնվերյան ծրագրի թարմացման և վերանայման մասին։ Էրդողանը հենց այդ ծրագիրը նկատի ուներ, երբ հայտարարում էր, որ պայքարը չի ավարտվում այդ պատերազմի արդյունքներով»։