Չնայած նրան, որ 2018 և 2021 թվականներին իշխանության ղեկին գտնվող ՔՊ-ն բազմաթիվ նախընտրական խոստումներ էր հնչեցրել, դրանց առյուծի բաժինը մինչ օրս մնում է անկատար: Ավելին, ՔՊ-ականների մոտ, կարծես, նորաձև է դարձել՝ հրապարակային հայտարարությունների մակարդակով հետ կանգնել սեփական թիմի նախընտրական խոստումներից: Իշխանությունները' ի դեմս այս կամ այն կալիբրի պաշտոնյայի, չեն էլ թաքցնում, որ որևէ ցանկություն չունեն կյանքի կոչել գեղեցիկ բաժակաճառ հիշեցնող ՔՊ նախընտրական ծրագիրը:
Դիցուք՝ այսօր Աժ պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանը փորձում էին համոզել ընդդիմությանը և հանրությանը, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման կարիք այս պահին չկա, այն, իհարկե, կլինի, սակայն թե երբ՝ իրենք ՔՊ-ականներն էլ չգիտեն: Ստացվում է, ՔՊ-ական պատգամավորները ԱԺ ամբիոնից դեմ են արտահայտվում իրենց իսկ կուսակցության նախընտրական ծրագրի իրականացմանը:
«Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը ևս չէր ընդունվել հենց ՔՊ-ականների պատճառով: Այն ժամանակ է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նա;ագահ Հերիքնազ Տիգրանյանի ջանքերով տվյալ նախագծին բացասական եզրակացություն տրվեց: Տիգրանյանը թերևս մոռացել էր, որ բազմազավակ ընտանիքներին օգնելու վերաբերյալ խոստումը ամրագրված էր հենց իր թիմի նախընտրական ծրագրում:
ՔՊ նախընտրական ծրագրում առկա կետերից մեկն էլ այն է, որ այս քաղաքական ուժը խոստանում էր ապահովել ներդրումների ծավալի զգալի աճ, սակայն, ընտրություններից հետո էկոնոմիկայի ՔՊ-ական նախարարը հայտարարեց, որ ներդրումների ծավալից դժգոհ է, սպասվածից ցածր ցուցանիշներ ենք արձանագրում և որպես պատճառաբանություն բերեց համավարակը: Եթե թարգմանենք Քերոբյանի ասածը, ավելի պարզ լեզվով ասած' ստացվում է, որ ներդրումների ծավալի ավելացման հույս ունենալ պետք չէ:
ՔՊ նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա գրված է հետևյալ խոստումը՝ բարելավելու ենք թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակը՝ համապատասխանեցնելով միջազգային ավիացիոն կազմակերպությունների ստանդարտներին: Ընտրություններից հետո քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը տհաճ անակնկալ մատուցեց բոլոր նրանց, ովքեր հավատացել էին այս խոստմանը' հայտարարելով, որ դիցուք՝ ԵՄ սև ցուցակից դուրս գալը, որտեղ Հայաստանը ի դեպ հայտնվել էր գործող իշխանությունների ապիկարության արդյունքում, տարիների հարց է:
Արցախյան հակամարտության վերաբերյալ ՔՊ նախընտրական ծրագրում ևս դրույթներ կան, օրինակ հետևյալը՝ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով:» Սակայն, այս դրույթին թերևս մի շարք ՔՊ-ականներ ծանոթ չեն, օրինակ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրապարակավ հայտարարում է, որ իրավունք չունենք ասել՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական թիմի նախընտրական ծրագրից թռնելու փորձ:
ՔՊ նախընտրական խոստումներից մյուսն էլ հետևյալն էր՝ Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը այս հարցում, սակայն, այլ կարծիք ունի: Վերջին երկու շաբաթների ընթացքում պաշտոնյան փորձում է հիմնավորել, թե ինչու սակագինը ոչ միայն չի կարող իջնել, այլ մի բան էլ բարձրացել է: Բաղրամյանը պնդում է, որ այս պահին իշխանությունները չունեն ռեսուրսներ զսպելու էլէներգիայի գնաճը: Այսինքն հրապարակավ խոստումներ տալու ռեսուրսներ ունեին, կատարելու՝ ոչ:
Ինչպես տեսնում ենք' ակնհայտ են այն երկակի ստանդարտները, որոնցով ընտրւթյուններից հետո առաջնորդվում են ՔՊ-ական պաշտոնյաները: Մինչ ընտրությունները, նախընտրական շրջանում նրանք փողոցներում բուկլետներ բաժանելով, փորձում էին համոզել քաղաքացիներին, որ ՔՊ նախընտրական ծրագիրը իրականացվելու է ամենակարճ ժամանակահատվածում, սակայն, ընտրություններից հետո, հասնելով տաքուկ պատգամավորական աթոռներին և աշխատասենյակներին, պարզվեց, որ այդ ծրագրերի իրականացման համար հազարավոր խոչընդոտներ կան...