SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Ջրվեժ գյուղում տեղի ունեցած գողության փաստով: Այդ օրը՝ ժամը 09:30–ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք է զանգահարել Երևանի բնակիչ Դավիթ Մ.-ն և հայտնել, որ Ջրվեժ գյուղում գտնվող իր տանից գողություն է կատարվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններին Դավիթ Մ.-ն հայտնել է, որ փետրվարի 6-ից մինչև փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ցանկապատի վրայով անցնելու եղանակով մուտք են գործել Ջրվեժ գյուղում X կադաստրային ծածկագրով իրեն պատկանող հողամասում կառուցված տաղավար և դրան կից հանգստի սենյակի ճաղավանդակը պոկելու, ապա եվրոպատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել ալկոհոլային թանկարժեք խմիչքներ և օդաճնշիչ «ՏԻՐ» տիպի հրացան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության բաժնի պետ: Ոստիկանությունը ձեոնարրկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց ինքնությունը ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է նաև վնասի չափը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: