Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Գրքի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և նախարարության աշխատակիցների հետ այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Նախարարը թանգարանի տնօրեն Անի Եզիազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, մանրամասն ծանոթացել Թումանյանի անձնական գրադարանում պահվող գրքային հավաքածուին, հուշային հատվածին, քննարկել թանգարանին առնչվող հարցեր: Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը թանգարանին է նվիրել «Նրանց չարությունից ավելի ուժեղ է մեր վարդերի թերթիկների քնքշությունը» աշխատությունը: Թումանյանի թանգարանի տնօրենն էլ նախարարին է փոխանցել «Հովհաննես Թումանյան. Մտքեր» թանգարանի հրատարակած գիրքը:

Միջոցառմանը ներկա Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը միջոցառմանը ներկայացել էր «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. Մատենագիտություն» նորատիպ գրքով, որը նվիրել է նախարարին և Թումանյանի թանգարանին:

Այնուհետև նախարարը մասնակցել է թանգարանում բացված «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց- Թումանյան» խորագրով ցուցադրության բացմանը: Ցուցադրությունն իրականացվում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի տեղեկացմամբ՝ Թումանյանի անձնական գրադարանից Չարենցի ընծայագրերով և Չարենցի անձնական գրադարանից Թումանյանի ընտանիքի անդամների ընծայագրերով գրքերը բացառիկ են և երբևէ չեն ցուցադրվել: Թումանյան-Չարենց առնչությունները ներկայացրել են Ե. Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, և գրականագետ Ազատ Եղիազարյանը: Ցուցադրությանը ներկայացված էին հայ մեծանուն բանաստեղծների՝ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքները, հետաքրքիր դրվագներ՝ նրանց բարեկամության և կյանքի մասին:

Անդրադառնալով մեկ հարթակում ներկայացված հայ գրականության մեծություններին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հրաշալի են Թումանյանի ու Չարենցի բոլոր ստեղծագործությունները, սակայն իր համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը»:

Խոսելով Գիրք նվիրելու օրվա խորհրդի մասին՝ նախարարը նշել է, որ այն խորը իմաստ ունի, և ցանկանում է, որպեսզի տոնը ծառայի իր մեծ նպատակին: «Այս գեղեցիկ տոնն ինքնանպատակ չէ․ այն միտված է գրքի միջոցով հարստացնելու հանրության հոգևոր աշխարհը: Ուզում եմ, որ մարդիկ շփվեն, հաղորդակցվեն այնպես, ինչպես ժամանակին շփվել են Թումանյանը, Չարենցը և մեր մյուս մեծերը: Շփման այդ մշակույթը կբերի բարության, համերաշխության, ազգային, հոգևոր վերելք և հզորություն: Այդ ամենի հիմքում, ի վերջո, դրված է կրթությունը: Մշակույթը կրթության անբաժանելի մասն է: Կարծում եմ՝ նման միջոցառումները, տոները թողնում են իրենց դրական ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վրա՝ մանուկներից մինչև մեծերը: Հոգևոր հարստացման միջոցով՝ մշակույթով ու կրթությամբ միայն կարող ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու խնդիրները: Հոգևոր ներդաշնակությամբ մենք ունենք լավ ապագա, ես հավատում եմ»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարարը ներկա է գտնվել նաև Թումանյան թանգարանի «Անուշ-անուշ» պատանեկան երգչախմբի համերգին, որի ընթացքում հնչել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված կատարումներ: