Այսօր՝ մարտի 15-ին, Ալեքսանդր հյուրանոցի «Կարս» սրահում կայացավ «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի ասուլիսը, որի հատուկ հյուրն էր Ամերիկայի Burlington Capital ընկերության ղեկավար Լիզա Ռոսկինսը:

Ասուլիսի մեկնարկը տրվեց Արա Աբրահամյանի կողմից, նա ներկայացրեց, թե ինչ ծրագրեր ունեն իրագործելու առաջիկայում: 

«Այսօր մենք Հայաստանում ենք գտնվում նախօրոք պլանավորված մեր ծրագրերը իրագործելու նպատակով: ԱՄՆ-ում փորձում ենք ստեղծել ֆոնդ՝ միտված գյուղատնտեսական և առողջապահական տեխնոլոգիաներին: Այդ ֆոնդի նախագահը մեր հյուրն է, մի քանի անգամ եղել եմ ԱՄՆ-ում կառուցված ամենավերջին  տեխնոլոգիաներով հագեցած առողջապահական կենտրոնում, և կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհում նման բան չկա, դա միակն է: Պլանավորում ենք հաջորդ 2 տարում այդպիսի մի կենտրոն էլ Հայաստանում կառուցել: Չեմ կարող չնշել, թե Լիզան, որքան մեծ աշխատանք է տանում ԱՄՆ-ում, որ այստեղ մենք էլ ունենանք նման մի կենտրոն: Այս ամենից զատ, մենք կարիք ունենք նաև գյուղատնտեսական տեխնոլոգիաների: Իսկ երկրորդ մեր ծրագիրը ինչի համար այստեղ ենք, այն է, որ հունիսի 3-5 պատրաստվում ենք անցկացնել ֆորում, ցանկանում ենք ստեղծել մի ինստիտուտ, որը կզբաղվի բոլոր հարցերով. մենք պետք է կառուցենք մեր ճանապարհային քարտեզը և միացնենք բոլոր այն մարդկանց ուժերը, որոնք սիրում են հայրենիքը»,- նշեց Արա Աբրահամյանը:

Վերջինս ընդգծեց՝ շատ մեծ կարևորություն է տալիս Հայաստանի՝ գիտական կենտրոն դառնալուն, ինչին ուղղված նա տանում է տարբեր աշխատանքներ:

«Հայաստանը պետք է դառնա գիտական, թվային կենտրոն, որպեսզի կարողանանք այստեղ հավաքել ոչ միայն հայ գիտնականներին, այլև ողջ աշխարհի: Նրանք պետք է մեր երկիրը տանեն առաջ և մենք էլ սկսենք աշխատել տարբեր ազգերի հետ. գիտությունը սահման չունի, ազգություն չի ճանաչում»,- ասաց նա՝ հավելելով, որ թեև Հայաստանի ռազմավարական երկիրը Ռուսաստանն է, սակայն նրանք այդ ուղղությամբ աշխատում են բոլոր երկրների հետ:

Լիզա Ռոսկինսն էլ հավելեց, որ իրենց նպատակը ամեն կերպ աջակցելն է Հայաստանում կրթության և առողջապահության ոլորտում նոր ձեռնարկների առաջմղմանը.

«Այո՛, կայունությունն ու երկարաժամկետ հեռանկարները շատ կարևոր են մեր նախաձեռնության համար, սակայն, երբ դիտարկում ենք առողջապահության կամ կրթության ոլորտում ներդրումներ անելը, հույժ կերևորում ենք հաշվի առնել՝ մեր նպատակն է նպաստել այդ ոլորտների զարգացմանը խթանող գործողություններ: Առաջարկել ենք մեր համալսարանի, տարածաշրջանի փորձագիտական հմտությունները, փորձը և գիտելիքները ի նպաստ բերել այս գործի, ցանկանում ենք հենց այդ փորձով էլ կիսվել ձեզ հետ»,- ասաց ասուլիսի հատուկ հյուրը: