Լոնդոնում մի խումբ զավթիչներ գրավել են ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկային պատկանող առանձնատունը։ Նրանք պատշգամբում կախել են Ուկրաինայի դրոշը և պաստառ՝ «Այս տունն ազատագրվել է» գրառմամբ։
The Guardian-ը գրում է, որ գիշերը ժամը մեկին մոտ չորս երիտասարդներ մտել են Սիթիի կենտրոնում գտնվող տուն։ Նրանք հայտարարել են, որ «առանձնատունը պատկանում է ուկրաինացի փախստականներին»։
Դեպքի վայր է կանչվել ոստիկանություն։ Հրատարակությունը գրում է, որ ոստիկանները փորձել են բարձրանալ աստիճաններով, սակայն այն բանից հետո, երբ զավթիչները փակել են նրանց ճանապարհը, կռունկ են կանչել։
The Guardian-ը գրում է, որ երիտասարդներից մեկը Press Association-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ինքը Լիտվայի քաղաքացի է։ Նրա խոսքով՝ ինքը և իր ընկերները զգում են, որ Վլադիմիր Պուտինը սպառնալիք է նաև իրենց երկրի համար։
Նշենք, որ փետրվարի 24-ից հետո Օլեգ Դերիպասկան մի քանի անգամ հրապարակայնորեն դեմ է արտահայտվել ուկրաինական պատերազմին։
Մարտի 10-ին Մեծ Բրիտանիան անձնական պատժամիջոցներ է սահմանել մի խումբ գործարարների, այդ թվում՝ Օլեգ Դերիպասկայի նկատմամբ։