Որքան էլ, որ ՔՊ ներսում փորձում են տպավորություն ստեղծել, որ ներթիմային որևէ լարվածություն տեղ չունի հեղափոխականների շրջանում, մի բան ակնհայտ է, վերջին շրջանում ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ չեն թաքցնում նույնիսկ միմյանց հանդեպ ունեցած անհարգալից վերաբերմունքը:
Դիցուք՝ այսօր սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանը չէր շտապում ժամանել ԱԺ ներկայացնելու իր զեկույցը, ինչը առաջացրեց իր իսկ թիմակիցների բուռն զայրույթը:
Բնապահպանության տիկտոկեր փոխնախարարն էլ անչափ սրտնեղել էր, որ սեփական թիմակիցները անգամ չեն ցանկանում լսել իր զեկույցը:
Օրեր առաջ համացանցը զարմացրել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի գրառումը, որտեղ նա, ըստ էության, ծաղրում էր իր ղեկավարի՝ Անահիտ Ավանեսյանի հայտնի աղային ռեֆորմը: Նա ֆեյսբուքյան իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը տիկ-տոկից է, և արել է տիկտոկեր։ Տեսանյութում տիկտոկերը հանրային սննդի օբյեկտում է, և երբ ձեռքն է վերցնում աղամանը, դիմացը «հայտնվում» է Անահիտ Ավանեսյանը։ Տեսանյութը փոխնախարարը վերնագրել է ․ «Աղի իրազեկման միջազգային շաբաթվա ամենադիպուկ վիդեոն»։ Զարմանալի է, որ մի ամբողջ գերատեսչության փոխնախարար տիկ-տոկյան տեսանյութը, ոչ միայն որակում է ամենադիպուկը, այլև այդ կերպ, ըստ էության, միանում է նախարարի՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծի վերաբերյալ արված հումորներին։
Շաբաթներ առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը բավական կոշտ զրույց ստացվեց պատգամավոր Բաբկեն Թունյանի և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջև: Թունյանը բառացիորեն ասեց հետևյալը՝ եթե ԱԺ բերվում է որևէ նախագիծ, պետք չէ մեզ հիշեցնել, թե վարչապետը ինչ է ասել այդ մասին: Թերևս այսպես նա սթափեցնում էր նախարարին, ով հաճախ է հղում անում վարչապետի այս կամ այն խոսքին:
Բավական լարված էին Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարաբերությունները: Գորիսում կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն Վլադիմիր Աբունցն էր: Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Սյունիքի արդեն նախկին մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն՝ ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները. փոխմարզպետի կինն օրերս Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս է գրել, ապա ջնջել: