Հայաստանը պետական սահմանին տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունը օպտիմալացնում է և ներդնում է «մեկ պատուհանի սկզբունքը, մարտի 24-ին Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ այս պահին հինգ մարմին է ներկայացված պետական սահմանում՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ-ն, Ոստիկանությունը և տրանսպորտային գործառույթի մասով նախատեսվել էր նաև տեսչական մարմնի ներկայությունը։
«Փոփոխություններից հետո սահմանային կետում կմնա երկու մարմին՝ Մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք պետական մարմինների գործառույթների վերաբաշխմամբ կիրականացնեն սահմանային կետում վերահսկողությունը։ Մասնավորապես, մաքսային մարմինը կիրականացնի մաքսային գործառույթները և ՍԱՏՄ-ի մասով փաստաթղթային հսկողությունը, ՍԱՏՄ-ի կողմից այլ անհրաժեշտ հսկողությունները կիրականցվեն արդեն ՀՀ պետական սահմանից ներս։ Բնականաբար, մյուս մարմինների գործառույթները կբաշխվեն մաքսային մարմնի և ԱԱԾ սահմանապահ զորքերի միջև»,- ասաց Բադասյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախագծի փաթեթի նպատակն է, որպեսզի մեկ անձը փաստաթղթերի մեկ փաթեթը հանձնի մեկ պետական մարմնի և ստիպված չլինի պետական սահմանի անցման կետը անցնելիս դիմել տարբեր պատուհաններին, նույն փաստաթղթերի փաթեթով իրականացվի կրկնակի հսկողություն կամ այնպիսի հսկողություն, որը փաստաթղթային մակարդակով կարող է իրականացվել մեկ մարմնի կողմից։
«Նշեմ, որ այսօր օրակարգում ընդունեցինք չզեկուցվող երկու հարց, որոնք վերաբերվում էին նախնական հայտարարագրման դեպքում մաքսատուրքի հետաձգմանը և ավտոմատացված բացթողնմանը։ Թե զեկուցվող, թե չզեկուցվող նախագծերի ընդունման նպատակը հետևյալն է, որպեսզի սահմանային կետի հատումը տնտեսվարողի կողմից իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում»,- ընդգծեց Բադասյանը։
ՊԵԿ նախագահը նաև ներկայացրեց, թե նախքան հայտարարագրման համակարգի գործարկումը ինչ իրավիճակ էր և ինչ իրավիճակ է հիմա։
«Սահմանային կետ հասնելուն պես տնտեսվարողը սահմանային կետը հատում էր մի քանի ժամերի ընթացքում, որից հետո տարանցման հայտարարագրով հասնում էր տերմինալ և հետագա բոլոր գործառույթները իրականացնում էր տերմինալում։ Այսինքն՝ միջինում 2-3 օր տնտեսվարողը ծախսում էր ներմուծման գործընթացի վրա, որպեսզի ապրանքների բացթողումը տեղի ունենա։ Հիմա մենք ունենք 13 սուբյեկտ, ովքեր օգտվել են նախնական հայտարարագրման համակարգից և ունենք աշխատակազմ, որը 24/7 ռեժիմով սպասարկում է նախնական հայտարարագրերը։ Արդյունքում՝ 20 դեպքով արդեն գործընթացը տևում է 2-3 օրվա փոխարեն 2-3 ժամ։ Եվ ամենառեկորդային ժամաքանակը բացթողնման դեպքում կազմել է 32 րոպե։ Հիմա աշխատանք է տարվում այս համակարգը լայնորեն կիրառելու համար և, երբ Ազգային ժողովում ընդունվելուց հետո զեկուցվող հարցերի փաթեթը մտնի ուժի մեջ, կունենանք էտալոնային մոդելով աշխատող սահմանային կետ, այս 2-3 ժամը կրկին կկրճատվի մի քանի անգամ։ Արդյունքում կունենանք ծախսերի խնայողություն տնտեսվարողների համար և ժամանակի խնայողություն։ Նշեմ, որ տերմինալներում, օրինակ՝ միջինում 25 հազարից մինչև 200 հազար դրամ կարող էին ծախսել 2-3 օրվա ընթացքում։ Իսկ հիմա 2-3 ժամվա ընթացքում սահմանային կետից ապրանքը բաց է թողնվում»,- եզրափակեց Բադասյանը։