Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԻԲԱՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԻԲԱՐԻ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում և Աշտարակում։ Ընկերությունը գործում է 2017 թվականից։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53․4 մլն դրամ:

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ «ԻԲԱՐԻ» ընկերության  61 տոկոսը պատկանում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնուն՝  Ստեփան Ավանեսյանին:  Մասնավորապես, ընկերությունը վաճառում է «օրգանիկ մեղր»՝ «Ուայլդ Հայվ» ապրանքատեսակը և ունի գրանցված 3 աշխատակից: 2018թ․-ի հարկային տարվա վերջում Ստեփան Ավանեսյանը հայտարարագրել է 19 000 դոլար, 3,5 մլն դրամ և մոտ 700 հազար դրամ աշխատավարձ։ 2020-ին արդեն  վերջինս հայտարարագրել էր 377,800.00 դրամ և 291,200.00 դրամի եկամուտ:

Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ: 2020 թվականի մարտի 9-ին «Հետք» պարբերականը գրեց, որ  Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 

Պետական մակարդակով հովանավորչության դեմ պայքարող Փաշինյանի կաբինետը արդեն բաց է խաղում և բյուջեից արտոնություններ է տրամադրում ոչ ավել, ոչ պակաս իր իսկ կաբինետի անդամի ազգականին: