Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնալով ամրապնդում է գաղտնիության շղարշը, որի տակ ընդունվում են բոլոր կարևոր որոշումները։ Խոստացած թափանցիկությունը, որը Փաշինյանի պնդմամբ պետք է որդեգրեին ՔՊ-ական բոլոր պաշտոնյաները, կարծես թե, չի աշխատում։
Դիցուք` Դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել էր ընդդիմադիր պատգամավորների այն պնդմանը, թե նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները գաղտնի փաստաթուղթ են ստորագրել Սյունիքի հատվածում հայկական զորքերի հետքաշման վերաբերյալ։ Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին՝ Գրիգորյանը հայտարարել էր, թե ընդդիմությունը «հանրությանը հայտնի փաստերի» մասին բացահայտումներ է անում, և որ իշխանությունները հրապարակային խոսել են «նոյեմբերի 9-ից (հետո) տեղի ունեցած գրեթե բոլոր գործընթացների մասին»։ Ինչպես երևում է այս հայտարարություններից` Անվտանգության խորհրդի քարտուղարը բազմիցս՝ թե՛ ճանապարհի շուրջ ստեղծված լարվածության ընթացքում, թե՛ դրանից հետո խոսել է Գորիս-Կապան ճանապարհի խնդրի վերաբերյալ, սակայն մինչև ընդդիմության պատգամավորների հայտարարությունները, երբևէ չի հիշատակել այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և վերջինիս ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի միջև կնքված որևէ պայմանագիր։ Մինչև Ադրբեջանի կողմից ճանապարհի վրա մաքսակետերի տեղադրումը, Գրիգորյանը և իշխանության մյուս ներկայացուցիչները չեն խոսել նաև այլընտրանքային ճանապարհի շուրջ պայմանավորվածության մանրամասների մասին։
ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ջրի գնի բաձրացմանը, նշել էր, որ պայմանավորվածություն կա, որ եթե լինեն համապատասխան փոխհատուցումներ «Վեոլիա Ջուր»-ին, ապա վերջինս դեմ չի լինի, որ բազիսային սակագները փոխվեն այնքան, որ պահպանվեն գործող գները։Փաստացի պարզվում է՝ կառավարությունը «լավություն է» արել սպառողներին նրանց իսկ հաշվին։ Այսպիսով, կառավարությունը հանրությունից գաղտնի է պահել փաստը, որ սակագնի բարձրացում չի իրականացվում՝ պետական բյուջեից սուբիսդիաների և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի վարձակալության վճարների նվազեցման հաշվին։
2020 թվականին հանրային լայն ռեզոնանսի ալիք բարձրացրեց գաղտնի որշումը, ըստ որի` կառավարության անդամների աշխատավարձը պետք է բարձրացվեր։ Այդ ժամանակ ֆինանսների նախարար էր Ատոմ Ջանջուղազյանը, ով այսօր զբաղեցնում է Հաշվեքննիչ Պալատի ղեկավարի պաշտոնը։
Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր կենսագրությունից ջնջել էր շուրջ 10 տարի դաշնակցական լինելու հանգամանքը՝ ինչը հետագայում ապացուցվեց ՀՅԴ-ից դուրս գալու դիմում-փաստաթղթով։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կենսագրականում բացակայում է 2014-2015 թթ․ հատվածը, Հովիկ Աղազարյանի կենսագրականում չկա 1998-2015 թթ․ հատվածը, Մաթեւոս Ասատրյանի կենսագրականում՝ 2008-2012 թթ․, Վիլեն Գաբրիելյանի՝ 2009-2013 թթ․, Վիգեն Խաչատրյանի՝ 1999-2007թթ․ եւ 2017-2021թթ․, Վահե Ղալումյանի՝ 1998-2001 թթ․ հատվածը, եւ այսպես շարունակ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնվեց սկանդալի կիզակետում` կապված հայ զինվորների թաքցրած և նկուղում պահվող մասունքների հետ։ Նախարարը, ով սկզբում հերքում էր, որ նման բան հնարավոր է , փաստերի ներկայացումից հետո ստիպված եղավ ընդունել իր թերացումը, սակայն աշխատանքից չազատվեց։
Հեղափոխությունից հետո հայտնի դարձավ, որ իրենք իրենց գաղտնի պարգևատրելու պրակտիկա են որդեգրել ՔՊ-ական մարզպետները; Մասնավորապես` պարգևավճարների աղմուկի կենտրոնում էին հատկապես մի քանի՝ Արարատի, Սյունիքի և Կոտայքի մարզպետարանները։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, օրինակ, ինքն իրեն պարգևատրել էր աշխատավարձի 104,5 տոկոսի չափով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությունից թաքցրել էր Սյունիքում զորքերը հետ քաշելու մասին իր բանավոր տված հրամանը: Միայն այն բանից հետո, երբ ներկայացվեցին կատարվածի փաստացի ապացույցներ և ՊՆ-ն այլևս չուներ մանեվրելու հնարավորություն, ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, որ այդ հրամանը տվել է անձամբ ինքը:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՔՊ-ական պաշտոնյաների՝ հանրության հետ թափանցիկ աշխատելու խոստումը գրվել է սառույցին, իսկ գաղտնիքներն այդ հանրությունից գնալով ավելանում են...