Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները այսօր՝ ապրիլի 1-ին, բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց. նրանք դեմ են նրան, որ տնօրենի պարտականություններն այսօրվանից կատարում է Դիանա Մինասյանը, որը տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։
Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Անտոն Չեխովի անվան դպրոցի անգլերենի ուսուցչուհի Վարդանյան Արփինեի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց՝ արդեն 4 ամիս է, ինչ դպրոցում ունեն տնօրենի պաշտոնակատար, որը դպրոցի կոլեկտիվի անդամներից է՝ Տաթևիկ Մելքոնյանն է: Նա աշխատում է դպրոցում 17 տարուց ավելի.
«Նրա աշխատանքից մենք բավականաչափ գոհ ենք, որովհետև այն, ինչ պետք է արվի, արվում է թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների կողմից, մենք տեսնում ենք այդ առաջընթացը»,- նշեց նա:
Ըստ նրա խոսքերի՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի տեղի ունեցած արդեն 2 ընտրությունների ժամանակ իրենց ձայնը չեն տվել Դիանա Մինասյանին, բայց չգիտես ինչու, առավոտյան զանգահարում են դպրոց և տեղեկացնում, որ այսօրվանից ունեն տնօրենի նոր պաշտոնակատար, որը իրենց դպրոցից չէ: Ըստ Արփինե Դավթյան՝ Դիանա Մինասյանը չի տիրապետում կրթական ոլորտին:
«Մենք 2-3 անգամ լսել ենք տնօրենի նոր պաշտոնակատարի՝ Դիանա Մինասյանի ծրագրերը և եթե դրանք մեզ բավարարեին, մենք կարող էինք նրան ընտրել, բայց որևէ ձայն չենք տվել: Ստացվում է, որ մենք չենք ընտրել, բայց այսօրվանից ինքը պետք է լինի մեր ղեկավարը, ցանկանում ենք, որ պատճառաբանեն՝ ինչու են իրենք ցանկանում փոխել մեր ներկա պաշտոնակատարին: Եթե որոշ կետեր կգտնեն և մեզ ինչ-որ բանով կգոհացնեն, մենք էլ կնշենք այն կետերը, թե ինչով Դիանա Մինասյանը մեզ չի բավարարում»,- ընդգծեց ուսուցչուհին՝ հավելելով, որ այդ ամենի պատճառով են հիմա քաղաքապետարանի դիմաց:
Արփինե Վարդանյանն ասաց, որ այսօրվա դասապրոցեսը ուսուցիչներն են ընդհատել, իսկ աշակերտներին ուղարկել են տուն:
Ինչպես նշեց նա, առավոտյան ստացած հեռախոսազանգն այնքան անսպասելի էր նրանց համար և իրականությանը անհամապատասխան, որ կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է. «Մեզ համար այդ հեռախոսազանգը շատ անսպասելի էր, անգամ մտածեցինք, որ ապրիլմեկյան կատակ է, որովհետև բոլոր դեպքերում դա խելքին մոտ բան չէ, հենց երկուշաբթի օրը մենք ունենք նոր ընտրություն և իրենք որոշել են հենց այսօրվանից ինչ-որ բան փոխել»,- ասաց նա:
Արփինե Վարդանյանը նշեց, որ Դիանա Միանասյանը կրթության ոլորտին ընդհանարպես չի տիրապետում և ցանկանում է աշխատել հենց Չեխովի դպրոցում, քանի որ իր բնակարանն էլ է գտնվում Բաղրամյան փողոցում և հարմար կլինի իրեն աշխատավայր գնալը.
«Նա այս ոլորտին ընդհանրապես չի տիրապետում և ուղղակի բառիս բուն իմաստով ինքնանպատակ է իր համար դարձրել այստեղ աշխատելը: Երբ երեխաներից հարցրել էինք, թե ինչ տպավորություն ունեն մեր թեկնածուներից, զարմացած ասացին, որ Դիանա Մինասյանը նրանց ասել է, քանի որ ինքն ապրում է Բաղրամյան փողոցում, որոշել է այդ դպրոց գնալ. այսքանը բավական է հետևություն անելու համար, սակայն դպրոցը այն հարթակը չէ, որտեղ մարդիկ իրենց ցանկություններն են իրականացնում, այլ այստեղ գալիս են սովորելու և սովորեցնելու նպատակով»,- նշեց ուսուցչուհին:
Վերջինս ասաց, որ այս քայլերը իրականացնելով ինչ-որ նպատակ են հետապնդում, երբ հետաքրրքվեցինք, թե ինչ նկատի ունի, պարզաբանեց.
«Այսինքն՝ երկրում չունենք անվտանգություն, ուզում են, որ չլինի նաև կրթություն, և կարողանան ազգին հեշտությամբ պառակտել»,- ասաց նա՝ հավելելով, որ որքան էլ՝ իրենց դպրոցը գտնվում է Բաղրամյան փողոցում, այնուամենայնիվ, ամեն ինչ արել են՝ քաղաքական դաշտը չմտնի դպրոց:
Իսկ վերջում Արփինե Վարդանյանն ընդգծեց, որ բոյկոտելու են երկուշաբթի օրվա տնօրենի ընտրությունը:
Նշենք, որ տնօրենի նոր ընտրությունը կայանալու է ապրիլի 14-ին, որին առաջադրվել է 4 թեկնածու՝ Տաթևիկ Մելքոնյանը, Դիանա Մինասյանը եւ ևս երկու ուսուցիչներ այլ դպրոցներից:
Հիշեցնենք, որ, ըստ օրենսդրության, դպրոցի տնօրեն ընտրում է խորհուրդը, որը կազմված է 9 անդամից՝ 2 մանկավարժ, 2 ծնող, 4 լիազոր մարմնի ներկայացուցիչ, այսինքն քաղաքապետարանից, 1 հոգի նախարարությունից։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Դիանա Մինասյանը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է:
Զվարթ Պետրոսյան