Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո պարբերաբար հանրության աչքին երևացող նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր ճեպազրույցներից մեկում ուշագրավ հայտարարություն էր արել։ Նա նշել էր, որ թեև չի կարող փակագծեր բացել, սակայն, Նիկոլ Փաշինյանը պահպանում է իրենց ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Հետաքրքիր է, սակայն, Կարեն Կարապետյանը այն եզակի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից է, ում հեղափոխական իշխանությունները շրջանցեցին թե՛ քրեական հետապդնման, թե՛ կուլակաթափության առումով։ Ավելին' Փաշինյանը անչափ լոյալ է գտնվել Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված բիզնեսների հանդեպ։

Մինչ հեղափոխությունը ընդդիմադիրները ակտիվորեն քննադատում էին գազի ներտնային սպասարկման վարձավճար հավաքող «AEG service» ՍՊԸ-ին, որը կապվում էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ: Հետո նույն կայքերը տարածեցին տեղեկություն, որ Հայաստանի արդեն նոր իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ որոշել են սույն վճարը հավաքելու պարտականությունը տալ ԱԻՆ-ին, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ն հերքեց այդ տեղեկությունները: Ստացվում է, որ հեղափոխությունից հետո այս բիզնեսը չվերացավ, ԱԻՆ-ին որևէ գործառույթ չփոխանցվեց: Ի՞նչ է սա նշանակում և ինչո՞ւ ժողովրդին կեղեքող վարձավճարի դեմ պայքարող ընդդիմադիր Փաշինյանը չցանկացավ վերացնել դրանք պաշտոնը ստանձնելուց հետո:

Այնուհետև տեղեկություն հայտնվեց, որ ՊԵԿ-ը ամենաբարձր մակարդակով տնտեսվարողներին ուղղորդում է ՀԴՄ-ներ ձեռք բերել Կարապետյանի հետ փոխկապակցված ընկերությունից' «Սմարթ Սոլյուշնս»-ից։ Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից ակնհայտ է, որ «Սմարթ սոլուշնս»-ի սեփականատեր «Եղիշանս» ՍՊԸ-ի մյուս բաժնետերը՝ Գոռ Անանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրան Կարապետյանի մտերիմն է։

Նախորդ տարի Փաշինյանի կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել «Բարի Արև» ՍՊԸ-ին, որը զբաղվում է արևային կայանների կառուցմամբ և շահագործմամբ։ Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը արևային կայանների կառուցման համար Չինաստանից 718 միլիոն դրամ ընդհանուր արժեքով ապրանք պետք է ներմուծեր, իսկ գործադիրի տված մաքսատուրքի արտոնությունը կազմել է 67 միլիոն դրամ։ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության 19% տոկոս բաժնեմասը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդուն՝ Տիգրան Կարապետյանին։ 41% բաժնեմասը պատկանում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանին' Կարապետյանի փեսային։

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումից հետո էլ պարզ դարձավ, որ Փաշինյանի կառավարությունը էլեկտրաէներգիայի մատակարարի լիցենզիա է տվել Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված ընկերություններին։ Էլեկտրաէներգիայի մատակարար է լինելու «Օպտիմում էներջի» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2013 թվականին: Դրա մասնակիցները երկուսն են' Արմեն Ղարիբյանը (50%) եւ Հայկ Հարությունյանը (50%): Հայկ Հարությունյանը Էներգետիկայի նախկին փոխնախարարն է և Կարեն Կարապետյանի փեսան:

Ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունները Կարեն Կարապետյանի անձի և բիզնեսների հանդեպ ունեն ընդգծված լոյալ վերաբերմունք, ավելին' չեն խորշում անգամ արտոնություն տրամադրել և օգնել' պահպանելու նախկինում ձեռք բերված մենաշնորհային դիրքը։ Ինչո՞վ է պայմանավորված այդ բարեսրտությունը' դժվար է ասել, սակայն կրկին պետք է հիշել Փաշինյան-Կարապետյան պայմանավորվածությունները, որոնք, ըստ նախկին վարչապետի, Փաշինյանը սրբորեն պահում է։ Գուցե իսկապես այդ պայմանավորվածություններն ամենից զատ ներառում էին նաև բիզնես պրեֆերենցիաներ և անձեռնմխելիություն, իսկ գինը, որը Կարապետյանը վճարում է դրանց դիմաց, հենց հայտնի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել' անհայտ պայմանավորվածությունների վերաբերյալ փակագծերը փակ պահելն է։