International Christian Concern հրատարակությունը հայտնում է, որ Ստամբուլի Բոմոնտիի հայ կաթոլիկ հիմնական և միջնակարգ դպրոցի դռան վրա կարմիր սվաստիկա են նկարել։
«Ստամբուլի նույն դպրոցը հակահայկական հետապնդումների է ենթարկվել 2016 թվականի նոյեմբերին, երբ պատերին հայտնվեցին «Մի գիշեր մենք հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում» գրությամբ գրաֆիտիներ։ Նաև 2016 թվականին Սուրբ Խաչ եկեղեցու և Քալաֆյան դպրոցի պատերին հակահայկական գրություններ են հայտնվել՝ «Թող ապրի թուրք ցեղը» և «Տանջիր հայերին» գրությամբ, նշում է թերթը։
Նշվում է, որ վանդալիզմի գործողությունը տեղի է ունեցել Սուրբ Զատիկի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի հայկական և այլ քրիստոնեական եկեղեցիները ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցին ենթարկվում են վանդալիզմի և խտրականության։