Այս տարի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին․ տեղեկացնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից։
Ապրիլի 23-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ծիծեռնակաբերդում, գիշերը կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որը ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Մոցարտի «Ռեքվիեմ»-ը կհնչի նաև ապրիլի 24-ին, ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և գեղեցկագույն հոգեհանգստյան մեսսայի մենակատարներն են աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Աննա Սամուիլը, անվանի բաս Թոբիաս Բերնդտը, երիտասարդ, տաղանդավոր մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը։ Ռեքվիեմը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ։
Այն կղեկավարի ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը: Ապրիլի 23-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Almazian Productions-ի և Օնտարիոյի ֆիլհարմոնիկի համագործակցությամբ, Կանադայում, Օնտարիոյի ‹‹Ռեգենտ›› թատրոնում (Regent Theatre Oshawa) նույնպես կկայանա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Համերգին կմասնակցի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին տեղի կունենա հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» բալետի սյուիտի համաշխարհային պրեմիերան։ Հյուրընկալող կողմը նվագախմբի կայքում գրել է, որ հայերը 1915թ.-ին սարսափելի ցեղասպանություն են վերապրել, և անդրադառնալով այս պատմական իրողությանը, Օնտարիոյի ֆիլհարմոնիկը պատիվ ունի ներկայացնել Վաչե Շարաֆյանի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է հատուկ այդ առիթով՝ հիշատակելով Հայոց պատմության ամենաողբերգական էջը››։