Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը պետք է հաստատվի ԵՄ երկրների կողմից։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Մեր դիրքորոշումը դրական է, բայց դրան պետք է մասնակցեն ԵՄ բոլոր երկրները։ Հույս ունենք, որ մենք կսկսենք այդ գործընթացը։ Արտաքին գործերի նախարարությունը շատ ակտիվ է (այս հարցում - խմբ.): ԵՄ երկրները որոշակի մտահոգություններ ունեն, բայց ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- ընդգծեց դեսպանը։