Լույսերի հեղափոխություն
Բազմահազարանոց երթերի ժամանակ մարդիկ մի պահից միացնում են հեռախոսների լույսերը։ Պատկերը և մթնոլորտն այդպես դառնում են շատ տպավորիչ, բայց ինձ ավելի հետաքրքրում է դրա խորքային իմաստը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:
Հրաշալի կլիներ, եթե Հայաստանում սկիզբ առած և թափ հավաքող շարժումը կոչեինք լույսերի հեղափոխոթյուն։ Ոչ միայն կոչեինք, այլև ամեն ինչ անեինք, որպեսզի բովանդակությունն ու մթնոլորտը հենց այդպիսին էլ լինեն ու մնան։
Այսօրվա իշխանությունը ևս հանրահավաքներին լապտերներ էր գործածում, սակայն ի վերջո իշխանության եկավ սև ժապավեններով, դագաղներով, պսակներով, թշնամանք ու ատելություն քարոզելով, ու մեր երկիր բերեց չդադարող մահ ու ավերածություն։ Այս սև փուլից մենք պետք է դուրս գանք, պետք է սևը փոխարինենք հույսով։
Մենք սա պետք է փոխենք՝ լույս ու համերաշխություն բերելով։ Լույսի գաղափարը շարժմանը կտա նոր բովանդակություն, նոր կոնսոլիդացիա։
Դիմադրության շարժումը կարող է իսկապես դառնալ լույսերի հեղափոխություն։ Սա պոզիտիվ շարժում է, որն ուզում է ժողովրդին ցույց տալ թունելի վերջի լույսը։ Այսօրվա՝ պետական մակարդակի դատարկախոսությունը և գործի չիմացությունը պետք է փոխարինել աշխատանքի ու գրագիտության լույսով։ Հանրության ներսի թշնամական բարիկադները պիտի քանդենք, որ լույսը հասնի բոլորին։ Լույսը չպիտի լինի ընդամենը քարոզչական քայլ, տեխնիկական հնարք, որ պարզապես երթին արտաքին փայլ է հաղորդում։ Լույս՝ նշանակում է բաց ճակատով, պարզ խոսակցություն՝ մեր խնդիրների շուրջ, նշանակում է՝ չվախենալ ծանր հարցերից, նշանակում է՝ վեր կանգնել նեղ անձնական շահերից, նշանակում է՝ այս շարժումը վերածել մեր երկրի դժվար հարցերին պատասխաններ ու լուծումներ բերող պրոցեսի։
Սա կարող է դառնալ այն լույսը, որը վերջ կտա ազգային ստորացմանը։ Այն լույսը, որը կարող է Կովկասում արդար ու կայուն խաղաղություն ստեղծել։ Անհուսությունը, վաղվա օրվա հանդեպ վախը, մարդկանց սրտերին տիրող մութը պետք է ցրենք լույսով։
Չարությունը, բզկտվածությունը, խեղճությունը, որ սև ամպի նման կախվել են մեր երկնքում, պետք է ցրվեն խաղաղ ու վստահ լույսով։ Համահայկական համերաշխության ու քաղաքակրթական բովանդակության լույսով։