Հայաստանում դրամի նկատմամբ դոլարի ու եվրոյի արժեզրկում է արձանագրվում։ Եթե վերջին օրերին մեկ դոլարի առքը փոխանակման կետերում իրականացվում էր 460-462 դրամով, ապա ապրիլի 26-ին դոլարի փոխարժեքը սահմանվել է 424-428-4դրամ, իսկ վաճառքը՝ 438-431 դրամ։ Ի՞նչ գործոններով է սա պայմանավորված։
Այս իրավիճակին անշուշտ նպաստեց Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային, մեղմ ասած, անհասկանալի քաղաքականությունը։ Մարտի 15-ին Կենտրոնական բանկը բավական մեծ ուշացմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսից կտրուկ բարձրացրեց՝ սահմանելով 9․25 տոկոս։ Սա նպաստեց դրամի արժևորմանը մեր ներքին շուկայում։ Այժմ շուկայում փողը՝ կոնկրետ դրամը, թանկացել է, և սա նաև նպաստում է դոլարի արժեզրկմանը ներքին շուկայում։ Այս գործընթացների արդյունքում հայաստանյան բանկերում ի հայտ է եկել դոլարի ավելցուկ։ Եթե նախկինում հայկական բանկերը 30-40 մլն դոլարային շրջանառություն էին ունենում, հիմա՝ այդ նույն բանկերում առկա է 10 մլն դոլարի չափով ավելցուկ։ Եվ այդ ավելցուկի հետևանքով էլ դոլար-դրամ փոխարժեքը նվազում է։ Սակայն, ԿԲ-ն չի շտապում կոնտրքայլեր ձեռնարկել՝ տնտեսությունը կոլապսից հանելու համար:
Այսինքն, որքան էլ որ զավեշտալի հնչի, սակայն , ԿԲ-ին ձեռնտու է, որ դրամը շարունակի արժեևորվել, դոլարն էլ արժեզրկվել։ ԿԲ-ն իր դրամավարկային քաղաքականության նպատակ է սահմանել 5․5 տոկոս գնաճը, այն դեպքում, երբ հունվար-մարտին գնաճը կազմում է 7․8 տոկոս։ Պատճառն էլ այն է, որ Մարտին Գալստյանի ղեկավարած կառույցը Սահմանադրության համաձայն պատասխանատու է գնաճի համար և պետք է ամեն կերպ ձգտի այն պահպանել նշված սահմաններում: Սակայն, քանի որ Գալստյանը տապալել է անգամ այդ՝ առաջին հայացքից պարզ թվացող առաքելությունը, նրան մնում էր այլ ճանապարհներ գտնել գնաճը զսպելու համար:
Ինչպես երևում է, ԿԲ-ում հույս ունեն, որ դոլարի արժեզրկումը երկար կտևի, և սա կազդի գնաճի ցուցանիշի վրա, այսինքն՝ գնաճը կիջնի ու կհասնի իրենց նախանշած 5․5 տոկոսի։ Եթե նախկինում ԿԲ-ն կարող էր տնտեսությունից մեծ քանակությամբ դոլար գնել, հիմա չի գնում, քանի որ եթե դոլար գնի և դրամ ներարկի տնտեսություն, գները կաճեն։ Ստացվում է՝ Մարտին Գալստյանը իր կարճաժամկետ խնդիրը լուծելով՝ ուղղակի սնանկացնում է բիզնեսին և լուրջ հարված հասցնում հայկական տնտեսությանը: Եթե Գալստյանի ղեկավարած ԿԲ-ն գներ 500-600 միլիոն դոլար, այնուհետև կարող էր ստեղծել ներդրումային ֆոնդ և այդ միլիոնները ուղղել տնտեսության զարգացմանը, սակայն, ինչպես երևում է, ԿԲ ղեկավարի նպատակը ոչ թե տնտեսության զարգացումն է, այլ իր առջև դրված մինիմալ խնդրի լուծումը՝ այն էլ ամեն գնով: Այստեղ, անշուշտ, խոսում են ԿԲ նախագահի անձնական ամբիցիաները, ըստ Մարտին Գալստյանի ՝ իրենից հետո թեկուզ ջրհեղեղ, տնտեսությունը կարող է խորտակվել, տնտեսության պատասխանատուն գլոբալ առումով ինքը չէ, կարևորը՝ իրեն՝ Գալստյանին, չեն մեղադրի գնաճի մեջ: Իսկ այն, որ մոտ ապագայում նաև բանկային համակարգն է կանգնելու կոլապսի առջև, սնանկանալու են հայկական բիզնեսները, տուժելու է տնտեսության հիմնական ճյուղը՝ արտահանումը, Գալստյանին չի հուզում, նա շարունակում է անգործության մատնված մնալ...