Երեւանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների հատվածներ կկոչվեն ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանի, ինչպես նաեւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Էդուարդ Միրզոյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ Էդգար Հովհաննիսյանի անուններով։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու հունիսի 21-ի նիստում։
Բացի այդ, Երեւանի Լիսինյան փողոցը կվերանվանվի ի պատիվ ականավոր գիտնական, ֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի եւ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի։
Երեւանի ավագանու մեկ այլ որոշմամբ քաղաքում կտեղադրվեն հուշատախտակներ, որոնք կհավերժացնեն երկրաբանական եւ հանքարդյունաբերական գիտությունների դոկտոր Կոնստանտին Պաֆենգոլցի, Հայաստանի վաստակավոր մանկավարժ Գարեգին Հարությունյանի, տեխնիկական գիտությունների թեկնածու Էդուարդ Սահակյանի հիշատակը։