«Մենք զգուշացնում ենք Բաքվի ղեկավարությանը, որ եթե նրանք չհրաժարվեն իրենց սխալ գործողություններից, ապա մենք խորհրդարանում կվերանայենք մեր վզին փաթաթված երկու խայտառակ' Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը»,-այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Նադիր Գազիպուրը, հաղորդում է Regnum-ը:
Գազիպուրն իր այս հայտարարությամբ նախազգուշացրեց Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ Թեհրանի դեմ ուղղված գործողություններից, հակառակ դեպքում Իրանի խորհրդարանը Թուրքմենչայի պայմանագիրը վերանայելու մասին օրինագիծ կընդունի, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը' հղում կատարելով Fars News Agency-ին:
Իրանցի պատգամավորի խոսքերով, եթե Ադրբեջանի այն քաղաքներում, որոնք համաձայն Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի են առանձնացել Իրանից, հանրաքվե անցկացվի, ապա այս տարածքների բնակիչները կքվեարկեն նորից Իրանին միանալուն կողմ:
1813թ-ի հոկտեմբերի 24–ին Գյուլիստանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, Ղարաբաղի Գյուլիստան (Խաչեն) գյուղում, 1804-1813թթ ռուս–պարսկական պատերազմից հետո։
Գյուլիստանի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները։ Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար. նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։
1828–ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց։
1828թ-ի փետրվարի 21-ին Թուրքմենչայի պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում, 1826-1828թթ ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։
Տաթև Ֆռանգյան