Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների մասին խոսելիս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում պատասխանատվության սլաքն, ըստ էության, ուղղեց դեպի ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի, ինչպես նաև՝ Բաքվի ուղղությամբ: Ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը պետք է օժտվի ավելի բարձր՝ միջազգային մանդատով, իսկ ադրբեջանցի զինվորականները պետք է հարգեն Ալևի որոշումը - սա՛ էր Փաշինյանի՝ առաջին հայացքից ոչ երկիմաստ, բայց իրականում՝ տարընթերցվող ուղերձը:
«ՀՀ իշխանությունների, վարչապետի նման վարքագիծը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ չասեմ գաղտնի, բայց Հայաստան-Ռուսաստան, Ռուսաստան-Ադրբեջան մակարդակներում եղել են բանավոր պայմանավորվածություններ և դրանց մասին պաշտոնական Երևանը չի բարձրաձայնել: Եվ հիմա, ըստ երևույթին, ՀՀ իշխանությունները նեղն են ընկել, քանի որ չկա գրավոր պայմանավորվածություն, իսկ Ադրբեջանն ամեն գնով փորձում է առաջ տանել իր շահերը»,-անդրադառնալով թեմային՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ք.գ.դ Գարիկ Քեռյանը:
Քաղաքագետի պնդմամբ, Բաքվի հիմնական պահանջներից մեկը վերաբերում է ԼՂ-ից ՀՀ զորքերի դուրս բերմանը, ինչի մասին, ըստ նրա, հստակ ձևակերպում-պահանջ չկա 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթում:
Ինչ վերաբերում է Իրանի ակտիվացմանը, մասնավորապես՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ Թեհրանի դիրքորոշման կոշտացմանը հայ-ադրբեջանական ընթացիկ զարգացումների համապատկերում, Քեռյանը նշեց.
«Իրանի հոգևոր առաջնորդի վերջին հայտարարությունը հայ-իրանական սահմանի վերաբերյալ (Այաթոլա Խամենեին Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ թույլ չեն տա հայ-իրանական դարավոր սահմանի փակման որևէ դավադիր փորձ - խմբ.) իրապես անակնկալ էր, եթե հաշվի առնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնական Թեհրանը ողջունեց Ադրբեջանի հաղթանակը: Սա համարում եմ՝ չէր համապատասխանում Իրանի ազգային շահերին: Իսկ հիմա, կամ իրենք հասկացել են ժամանակին իրենց արած սխալը, կամ էլ, տեղեկություն ունեն, որ Հայաստանից դեպի Նախիջևան ճանապարհին կարող է լինել այնպիսի վիճակ, որ Իրանը կտրի Հայաստանից»:
Բացի այդ, մեր զրուցակցի կարծիքով, Իրանը, որպես ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկիր, գիտակցում է, որ տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ է միայն Հայաստանը և մեծ ներուժ կա մեր պետության միջոցով կառույցի շրջանակում ակտիվացնել ու զարգացնել առևտրային տնտեսական կապերը:
«Ցավոք, Հայաստանն այսօր ունի գոյության խնդիր: Ռեգիոնալ խաղացող դառնալու մասին միտքն այս պահին մշուշոտ է ու ոչ իրատեսական: Պետք է ռազմաքաղաքական դաշինքների միջոցով կարողանանք ապահովել մեր անվտանգությունը, ապա փորձել զինվել, հզորանալ»,-ամփոփեց Քեռյանը:
Արա Ալոյան