Արցախի համար օրհասական այս օրերին ի՞նչ են ակնկալում Ստեփանակերտն ու արցախցիները Հայաստանի իշխանություններից, ի՞նչ տրամադրություններ ու մտահոգություններ են թշնամու երախում հայտնված հայկական երկրորդ հանրապետությունում և ո՞րն է ԱՀ խորհրդարանի պահանջն ու կոչը միջազգային հանրությանը։ Թեմայի շրջանակում ԼՈՒՐԵՐ․ com -ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
1․ Հարցը, գուցե, հռետորական թվա, բայց, այդուհանդերձ, այս իրավիճակում ի՞նչ աջակցություն է ակնկալում Ստեփանակերտը ՀՀ իշխանություններից։ Կա՞ թեկուզ աղոտ հույս, որ փաշինյանական ռեժիմը որևէ կերպ ձեռք կմեկնի Արցախին՝ թշնամու ոտձնգությունների դեմ վերջնականապես միայնակ չթողնելու արցախցիներին։
Հայաստանի Հանրապետությունը այս օրհասական պահերին ոչ թե պետք է աջակցություն ցուցաբերի Արցախի Հանրապետությանը, այլ պետք է իր վրա վերցնի հիմնախնդրի հայանպաստ լուծման ողջ պատասխանատվությունը: Եվ պատճառը ոչ միայն այն է, որ երեսուն տարի շարունակ մենք հանդես ենք եկել մեկ ազգ, երկու պետություն սկզբունքով, այլ նաև, այն, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրած կողմերից մեկը: Այս հանգամանքը ողջ հայ ազգի համար պետք է լինի կարմիր գիծ:
Մ․ Հ․ - Ցավոք, այսօր ՀՀ իշխանությունները ցանկանում են ազատվել իրենց պարտականություններից և ողջ պատասխանատվությունը բարդում են հայտարարությունը ստորագրած մյուս երկու կողմերի վրա: Եթե ՀՀ իշխանությունները չեն ընդունում վերոնշյալ իրողությունը, ապա սա ուղիղ հրամայական է, որ օր առաջ պիտի փոխվեն ՀՀ իշխանությունները: Ուստի, քանի դեռ ՀՀ իշխանությունը զավթված է հակահայ վարչախմբի կողմից, որևիցե ձեռք մեկնելու հեռանկար չկա, հակառակը՝ ամեն օր վտանգ, պատասխանատվությունից խուսափում, սեփական մեղքերը այլոց վրա բարդելու փորձեր: Արցախը և Հայաստանը միայն միասին լինելով կարող են գոյատևել, հակառակը՝ երկուսի կործանումն է:
2․ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՌԴ-ն, դարձյալ հավասարության նշան դրեցին Բերձորում և Արցախի մյուս բնակավայրերում արձանագրված ադրբեջանական սադրանքներից հետո՝ կողմերին կոչ անելով պահպանել հրադադարի ռեժիմը։ Արցախի խորհրդարանը ի՞նչ գործուն ու արդյունավետ քայլեր է ձեռնարկում՝ միջազգային հանրությանը հասցեական պահանջներ ներկայացնելու տեսակետից։
Մ․ Հ․ - Մեզ համար զարմանալի չէ միջազգային հանրության կողմից ոչ հասցեական հայտարարությունները: Նմանատիպ հայտարարությունների ականատեսն ենք տարիներ շարունակ, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք, որ միջազգային հանրությունը լուռ էր, խուլ էր, կույր էր: Այս հանգամանքից օգտվելով՝ Ադրբեջանը այս տարիների ընթացքում էլ ավելի լկտիացավ, ագրեսիվացավ, իրեն զգաց անպատժելի: Այս ամենին Արցախի Հանրապետության խորհրդարանը բազմիցս անդրադարձել է իր հայտարարություններով և որոշումներով: Օգոստոսի 4-ին ԱՀ ԱԺ խմբակցությունները տարածեցին հայտարարություն, որտեղ կոչ արեցինք տարբեր երկրների խորհրդարաններին և միջազգային բոլոր կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վերջին գործողությունները և գործնական քայլեր ձեռնարկել կանխելու համար նոր ոճրագործությունները: Պահանջ հղվեց ռուս խաղաղապահներին իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները ապահովելու՝ շփման գծում կայունության հաստատումը:
Զրուցեց՝ Արա Ալոյանը