Կարծում եմ, երեկվա հանրահավաքը յուրահատուկ իրադարձություն էր Հայաստանի հանրային կյանքում ընդհանրապես, որովհետև մինչև հիմա հանրահավաք կազմակերպել են բացառապես քաղաքական ուժերը, դաշինքները, որոնք, բնականաբար, խիստ կազմակերպված են և ունեն բավականաչափ ռեսուրսներ։
Անդրադառնալով Անկախության հռչակագրի խորհրդանշական օրը՝ օգոստոսի 23-ին՝ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իր նախաձեռնած հանրահավաքին, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպան, ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Մեր այն դիտարկմանը, թե կոնկրետ ի՞նչ տվեց կամ ինչով առանձնացավ երեկվա հանրահավաքը, կարելի՞ է ասել, որ այն յուրատեսակ լակմուսի թուղթ էր՝ ստուգելու մի կողմից հանրային, մյուս կողմից, ինչու չէ, քաղաքական շրջանակների տրամադրությունները, ընդդիմադիր գործիչն ասաց․
«Այս հանրահավաքի յուրահատկությունը տրամաբանական փոփոխությունն էր․ հանրահավաքը կազմակերպել էր ՀՀ քաղաքացի, որին աջակցելու էին եկել նաև քաղաքական ուժերը։ Այսինքն քաղաքացուն, որը չի արտահայտում որևէ կուսակցություն կամ կուսակցությունների խմբերի, առանձին ուղղությունների շահերը, պատկերացումները և այլն, առաջնորդվում է սեփական մտքերով, դատողություններով, սկզբունքներով, դուրս է գտնվում բոլորի ազդեցության տիրույթից»։
Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց հանրահավաքն անցկացնել Անկախության հռչակագրի ընդունման պատմական օրը, մեր զրուցակիցը եշտեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Անկախության հռչակագրի շահառու է․ «Եվ ես նույնպես, որպես Անկախության հռչակագրի շահառու, դուրս եմ եկել փողոց՝ պայքարելու իմ իրավունքների և պարտականությունների համար, և ինձ միացել են հազարավոր մարդիկ»։
Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցինք նաև, թե ո՞րն է լինելու իր ու իր համախոհների ետհաշվարկային հաջորդ քայլը այն բանից հետո, երբ նախօրեին հայտարարեց, որ օգոստոսի 31-ին Հայաստանը պետք է նոր վարչապետ ունենա, ով կգնա Պուտինի և Ալիևի հետ բանակցության։
«Օգոստոսի 31-ին նոր վարչապետ և ՀՀ անունից նոր բանակցող ունենալը, կարծում եմ, հնարավոր է միայն Հայաստանի ԱԺ պատգամավորների ակտիվության և ֆունկցիոնալ գործունեության արդյունքում։ Երեկվա հանրահավաքի ժամանակ ես ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու երեք հնարավոր ձևերը․ դրանցից մեկը սպառվել է երեկ, դրանցից երկրորդը կսպառվի օգոստոսի 31-ին, բայց դա պայմանավորված է գլխավոր դատախազի գործողություններով, իսկ երրորդ հավանական տարբերակը՝ վարչապետի պաշտոնանկությունն է ԱԺ կողմից», - եզրափակեց ընդդիմադիր գործիչը։
Արա Ալոյան