Ինչպես հայտնեց  Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի նախագահի օգնական Լյուդմիլա Գասպարյանը (Կլաչկո), մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ ընթացած «Ամառային դպրոցի» երկու ամսում  իրենց սաները սովորել են բավական լավ նկարել ու ստեղծագործել:

«Պրոֆեսիոնալ նկարիչ Լիլիա Պետրոսյանը սովորեցրել է երեխաներին հմտորեն աշխատել վրձնի հետ և գույների համադրության ճիշտ ընտրություն կատարել:  Արդյունքները ակնհայտ են: Երեխաներն իրոք ձգտել են կատարելության», - նշում է Լ. Գասպարյանը:

 

Նրա խոսքերով «Ամառային դպրոցում իբրև մանկավարժ հիմնականում աշխատել են աշակերտների մայրերը:

 
 

«Գաղափարն այն էր, որ մայրերը զբաղվեն երեխաների հետ, կիսվեն իրենց հմտություններով և գիտելիքներով, ընդհանրապես զբաղված լինեն, - բացատրում է Լյուդմիլա Գասպարյանը:

- Արդյունքում ձևավորվել է ընտանեկան բարի մթնոլորտ: Երխաները սիրեցին իրենց ուսուցիչներին, իսկ դա գլխավորն է»:

Ցուցահանդեսի բոլոր մասնակիցները Ռուսական համայնքի կողմից խրախուսվեցին պատվոգրերով:

Լեռնային Ղարաբաղի Ռոուսական համայնքին կից «Ամառային դպրոցը» գործել է սույն թվականի հունիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը: Ղարաբաղի երեխաներին աջակցել է մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը: Անվճար պարապմունքներ են անցկացվել մի շարք առարկաների գծով: Դպրոցում գործել են մի քանի խմբակներ. «Ակունք», «Ինտելեկտուալ ակումբ», «Ֆանտազյորներ», «Կիրառական ստուդիա», «Կախարդական գնդակ» և այլն: Դասընթացներում հատում տեղ է հատկացվել ռուսական պետության պատմությանը, ռուսական մշակույթին, ժողովրդական բանահյուսությանը, ավանդույթներին, դեկորատիվ-կիրառական արվեստին և շրջակա միջավայրին: Մի քանի պարապմունք նվիրվել է ռուսական բանակին:

 

«Ռուսական համայնքի կողմից երախտագիտություն ենք հայտնում մոսկովյան ԴԻԱԼՈԳ կազմակերպությանը և նրա նախագահ Յուրի Նավոյանին մեր «Ամառային դպրոցին» ցուցաբերած աջակցության համար: Բառացիորեն օրեր առաջ ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և նրա գործընկերները Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան ռուսալեզու դպրոցը ապահովել են դասագրքերի ամբողջական փաթեթով` քսանհինգ հազար օրինակով: Ղարաբաղի երեխաների նկատմամբ այդպիսի զգայուն վերաբերմունքը արժանի է գնահատման, - նշեց «Ռուսաստանի ակունք» և «Ինտելեկտուալ ակումբ» խմբակների ուսուցիչ Նատալիա Մոիսեևան:

 
 

Ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովը կարևորեց այն, որ դասընթացի սաները ոչ միայն հասանելի կերպով նոր գիտելիքներ ստացան, այլ նաև սովորեցին իրենց ձեռքերով ինչ-որ բան ստեղծել: Նրա խոսքերով, Ռուսական համայնքը հետագայում ևս ընդլայնելու է գործունեությունը կրթության ոլորտում: Տարվա սկզբից համայնքը աշխատանքներ է տանում Կրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը Ռուսական դրամատիկական թատրոնի հետ միասին կհանգրվանի Ստեփանակերտի «Ռուսական մշակույթի կենտրոնում»: