Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համապատկերում նորանոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք մի կողմից հաստատում են ՀՀ իշխանությունների քայլերի վտանգավորությունը՝ մեր իսկ անվտանգության առումով, մյուս կողմից՝ Բաքվի գործողությունների վտանգավորությունը՝ դարձյալ մեր անվտանգության տեսակետից։
Ու կրկին տպավորություն է, թե Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները համաքայլ են իրենց ծրագրերում, թեզ, որ հրապարակ է նետում ընդդիմությունը, բայց որի ճշմարտացիության մեջ, ցավոք, պարբերաբար համոզվում է հայ ժողովուրդը։
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և թուրքական ASELSAN ընկերության համագործակցության արդյունքում ստեղծվել է GFAB-250 LG ռումբ՝ 250 կգ քաշով, միաբերան տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ռումբը նախատեսված է ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմական արդյունաբերության և էներգետիկ օբյեկտների, տրանսպորտային միջոցների, ռազմական օդակայաններում ինքնաթիռների, զինանոցների, կամուրջների, կենդանի ուժի և հակառակորդի այլ թիրախների ոչնչացման նպատակով։ Հավելենք, որ Ադրբեջանն այսօր ներկայացրել է համատեղ և սեփական արտադրության մի քանի այլ զինատեսակներ ևս, այդ թվում՝ գնդացիր և այլն։
Մինչդեռ ՀՀ իշխանությունները շարունակում են վերահաստատել խաղաղության օրակարգը, իսկ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը պետք է զենք արտադրի իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, այլ ոչ թե ագրեսիվ գործողությունների։
Ինչպես ասվում է՝ Ինչ, Որտեղ, Երբ հայտնի խաղում, հիմա հարց․ Երևանը չգիտի՞, չի՞ տեսնում, թե ով է ագրեսիվ գործողությունների համար ռազմական տեխնիկա արտադրում, թե՞ մեր պետական ու անվտանգային տեսողությունը այդ մասով ․․․փակ է։ Հարցը, ցավոք, հռետորական է․․․:
Արա Ալոյան