Ադրբեջանի վերջին ագրեսիան կրկին ի հայտ բերեց մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հավակնություններն ու իրական նպատակները։ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը սեպտեմբերի 13-ին մտահոգություն հայտնեց, թե Ռուսաստանը կարող է փորձել «պղտորել ջրերը» Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում։ Մոսկվան Եվրամիությանը մեղադրում է ՌԴ-ին Անդրկովկասից դուրս մղելու փորձի մեջ։ Մյուս երկրների արձագանքը՝ հերթապահ մտահոգությունների շարադրում է և պրոտոկոլների շարքից։
Մեր այն հարցին, թե ո՞ր ուժային կենտրոնն առավել ազդեցիկ կլինի այս իրավիճակում՝ հայ-ադրբեջանական էսկալացիան թուլացնելու և արյունալի բախումներին վերջ տալու տեսակետից, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատեց․
«Բլինքենը, խոսելով վերջին դեպքերի մասին, շատ մեղմ գնահատեց Ադրբեջանի գործողությունները, և նշեց, որ պետք է ամեն ինչ անել վերջնականապես հարցը կարգավորելու համար։ Դրանից ավելի բաց խոսք հնարավոր չէ ասել․ ԱՄՆ-ն ճնշում է Հայաստանին ճանաչել Արցախը Ադրբեջանի տարածքում, հետագայում՝ կճնշեն հրաժարվել Սյունիքից։ Ադրբեջանը ինքնուրույն չի գործում»։
Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, Իրանը ասում է իր կարմիր գծերի մասին, Ռուսաստանը փորձում է ձգձգել այդ պրոցեսը՝ փակագծերից դուրս հանելով կարգավիճակի խնդիրը։
«Ուկրաինայում նույնպես նման եղանակներով էր սկսվում կոնֆլիկտը։ Եկեք պարզ խոսենք, ԱՄՆ-ն, Բրիտանիան, Իսրայելը Ադրբեջանի «թիմում» են, ունեն հատվող շահեր, որը մեր դեմ է ու դա դառնում է չափազանց վտանգավոր»,-հավելեց Ստեփան Դանիելյանը։
Արա Ալոյան