Վարդենիսի համայնքապետարանը համապատասխան ուսումնասիրություններ է արել ադրբեջանական վերջին հարձակման թիրախ դարձած գյուղերում՝ Նորաբակում, Սոթքում, Կութում, Կուտականում և Վերին Շորժայում։ Ամեն համայնքում վնասի չափերը տարբեր են, բոլոր դեպքերում՝ այդ գործընթացն ավարտել են և սպասում ենք կառավարության աջակցությանը։

Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Թե կոնկրետ որքա՞ն գումարի մասին է խոսքը, քաղաքապետը չմանրամասնեց։ Ինչ վերաբերում է նշյալ գյուղերում դասապրոցեսի կազմակերպման խնդիրներին՝ Խաչատրյանը նշեց․

«Այդ գյուղերում դասապրոցեսը կազմակերպվում է առցանց ռեժիմով։ Քանի որ վերջին ագրեսիայից հետո դպրոցական տարիքի երեխաները ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը և ժամանակավոր բնակություն հաստատել այլ համայնքներում, որոշվել է կրթական գործընթացն իրականացնել օնլայն ձևաչափով, որպեսզի երեխաները չտուժեն ստեղծված իրավիճակի պատճառով»։

Պաշտոնյան հավելեց նաև, որ այս պահին սահմանին դրությունը հանգիստ է։

Արա Ալոյան