«Պատերազմի ժամանակ մենք էնքան շատ սխալներ ենք գործել, որ էդ սխալները նույնիսկ թվարկելն է դժվար, իրանց ավելի շատ պետք է խմբերով դիտարկել»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով պատերազմի ժամանակ գործած սխալներին։
«Ընդհանուր իմաստով' մեր ամենամեծ սխալը կազմակերպչական սխալն էր, այն իր մեջ ընդգրկում է նաև զորքերի կառավարում, մոբիլիզացիան, և մարդկանց միջանձնային հարաբերությունների մակարդակը։ Սա պատերազմի ընթացքում հենց։ Իսկ պատերազմից առաջ, իմ կարծիքով, մենք միջազգային հարաբերություններում լուրջ բացթողում ունեցանք։ Հայաստանի համար ստեղծվեց վատ դիվանագիտական իրավիճակ և դա բերեց վատ արդյունքի»,-ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ բանակի հետամնաց վիճակն էր պատճառը. «Մյուս սխալները հայեցակարգային մակարդակում էին, բանակն ավելի հետամնաց վիճակում էր, այսինքն, ավելի հին մեթոդներով, միջոցներով էինք կռվում, թեև էս վերջին իշխանությունների մեղքը չէր էդքան, որովհետև վերջին 2.5 տարում չէին կարող բանակը հայեցակարգային նոր մակարդակի բերել։ Բայց և շատ բաներ կարող էին այլ կերպ լինել»,-նշեց նա։
Կազմակերպչական սխալը, Հակոբյանի կարծիքով, իր մեջ ներառում է նաև քաղաքական, ինֆորմացիոն դաշտը։ Քաղաքագետը զրույցի ընթացքում շեշտեց, թե պատերազմի ընթացքում գործած սխալները այնքան շատ են, որ եթե նույնիսկ 365-էջանոց գիրք գրվի պատերազմի սխալների մասին՝ գուցե բացել չստացվի։ Անդրադառնալով պատերազմից անմիջապես հետո խաղաղության քարոզին՝ Հակոբյանը նշեց.
«Էստեղ խնդիրը քաղաքական փիլիսոփայական մակարդակի է, այսինքն՝ իշխանությունները խոսում են խաղաղության մասին՝ հաշվի չառնելով մեր պետության անցած ուղին, մեր թշնամիների բնութագիրը և դրանից բխող վարքագիծը։ Ես միշտ եմ ասել, որ քաղաքակրթական ընթհարման մեջ ենք մենք, այսինքն՝ սա պայմանական բելգիացու-ֆրանսիացու կամ գերմանացու-ավստրացու ընդհարում չի։
Սա քաղաքակրթական 2 համակարգերի ընդհարում է՝ իր արմատներով քոչվոր, մահմեդական, թյուրքական քաղաքակրությունն ընդդեմ քրիստոնյա, նստակյաց, հայկական քաղաքակրթության։ Դրա համար էստեղ և ընդհարման դաժանությունն է առավել բարձր, և ընդհարումը երկար է տևում և, ըստ էության, սովորական միջոցներով չի հանգում։ Օրինակ՝ Ֆրանսիան ու Գերմանիան աշխարհամարտում իրար հետ կռվեցին, բայց հիմա ոչ վատ ընկերություն են անում։ Մեր դեպքում դա չի լինում։ Մեր իշխանությունները դա հաշվի չեն առնում, որ այդ քաղաքակրթական տարբերություններից գալիս է նաև հոգեբանական, էթնոմշակութային տարբերությունը, որը մարդկային մեծ թվերի դեպքում որակ է տալիս»,-նկատեց մեր զրուցակիցը։
Հակոբյանը համեմատական տարավ հայկական և թուրքական էպոսների միջև՝ ցույց տալու մեր պատկերացումների տարբերությունը հերոսականության մասին։
«Թուրքական հերոսը ասում է գնացի, սպանեցի, ապացուցեցի, որ լավն եմ, թալանեցի, էկա։ Հայկական հերոսը Սասունցի Դավիթն է, որը համառորեն փակվում է իր Սասունի լեռներում և բացառապես պաշտպանական պատերազմ է մղում։ Այս էպոսները արտահայտում են մեր ազգային էպոսի կոլեկտիվ մշակութային մտածողության բյուրեղացումը։
Հիմա այ էսպիսի իրավիճակներում պետք է էդ ամեն ինչը հաշվի առնել։ Իշխանությունները ոչ էդքան մակարդակ ունեն, որ էսքանը հասկանան, ոչ էլ էտքան քաղաքականություն։ Իրանք ուղղակի կարճ մի բան են տեսնում․ պատերազմից հետո ծանր կորուստներ կրած ժողովրդին ասոում են՝ ոչինչ Արցախը տվին։ Ու հիմա փորձում են դրա մեջ պլյուսներ տեսնել։ Ցավից խելագարված, վախեցած մարդկանց ասում են՝ մենք ձեզ խաղաղություն կբերենք, ու փորձում են մխիթարել, թե՝ ոչինչ մահացավ, կարևորը դու հիմա այլևս չես պայքարի, քո երեխան բանակ չի գնա։ Դա էլ տուպիկային է, դա չի լինի, դա ուղղակի կարճաժամկետ քաղաքական դիվիդենտների համար է։ Թեև դա չի լինի՝ իշխանությունները խորապես չէին էլ հասկանում ու մինչև հիմա էլ չեն հասկանում։ Այսինքն իրենք համ չէին հասկանում, համ էլ գնացին հեշտ ու հրապուրիչ ուղով։ Արդյունքում՝ ունենք էն, ինչ ունենք, ու էսպես էլ շարունակվելու է, որովհետև խաղաղություն չի լինում, ինչքան էլ դաժան են իմ խոսքերը հնչում»,-եզրափակեց իր խոսքը քաղաքագետը։
Լուսինե Ալեքսանյան