Այս տարվա հոկտեմբերի ամսվանից Հնդկաստանը Հայաստանին ավելի քան 250 մլն դոլարի զենք ու զինամթերք կմատակարարի, այդ թվում՝ հակատանկային արկեր և այլ զինամթերք։ Աննախադեպ գործարքի մասին հայտնել է հնդկական «The Economic Times» պարբերականը: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունները պայմանագիր են ստորագրել ՀՀ-ին հնդկական հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք վաճառելու մասին:

«Մի քիչ դժվար է իրականում գնահատել այս գնումը՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները. նախ՝ գործարքի մասին պաշտոնական հաստատումներ ո՛չ հայկական, ո՛չ հնդկական կողմից չկան, երկրորդը՝ հնդկական կայքի նյութում նշված «Փինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մի քանի տարբերակներ կան և պարզ չէ, թե կոնկրետ ո՞ր տարբերակից է Հայաստանը գնում»,- ԼՈՒՐԵՐ․ com-ի զրույցում նման տեսակետ հնչեցրեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Հաշվի առնելով Փաշինյանի կառավարության օրոք ռազմական գնումների բազմաթիվ ֆիասկոները (Սու-30 կործանիչները, որոնք այդպես էլ մարտական որևէ խնդիր չկատարեցին), նույն Փաշինյանի այսօրվա ելույթում հայտարարած այն փաստը, որ հարյուրավոր միլիոններ վճարել են, բայց զենքը չեն ստացել, թեկուզ նույն՝ լայնորեն գովազդած արբանյակը, որի արած գեթ մեկ լուսանկար 4 ամսում չի հրապարակվել, հասկանալի պատճառներով ես խիստ թերահավատ եմ նաև այս գործարքից»։

Ռազմական փորձագետի բնորոշմամբ, Հնդկաստանը տվյալ դեպքում ՀՀ դաշնակից է, թե ոչ՝ դժվար է ասել, ընդամենը զենք է վաճառել՝ բնական է, հետապնդելով իր սեփական շահը․

«Հայաստանի բնական դաշնակից է, օրինակ՝ Իրանը, որի հետ հարաբերությունները սակայն, հետևողական ձևով փչացրել է Փաշինյանի կառավարությունը։ Հայաստանը կարող է աշխատել նաև Չինաստանի հետ, բայց այս ոլորտում էլ ՀՀ իշխանությունները միջազգային ասպարեզում որոշ հակաչինական քայլեր են արել ԱՄՆ-ին հաճոյանալու համար։ Տվյալ պահին՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, աշխարհում սպառազինության լուրջ պակաս կա, այնպես որ սպառազինության գնումների համար աշխատել է պետք բոլոր հնարավոր երկրների հետ»։

Արա Ալոյան