Հավատարիմ մնալով կորպորատիվ արժեքներին՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակում է իրականացնել աշխատակիցներին ուղղված «շնորհակալության» նախաձեռնությունները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի մեկնարկով վերսկսվում է «Արի գնանք դասական համերգի» նախագիծը։ Այն 2020 թվականին նախաձեռնել են «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Գուրգեն Խաչատրյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Նախագծի նպատակն էր միավորել ջանքերը՝ դասական երաժշտությունն առավել հանրամատչելի դարձնելու նպատակով: Արդյունքում «Գալաքսիի» կազմում հանդես եկող ընկերությունների աշխատակիցները հնարավորություն ունեցան վայելելու դասական երաժշտություն ընտանիքի անդամների, ընկերների, սիրելիների հետ:
«Դասական երաժշտությունը կրթություն է, որը կարող է փոխել մարդու մտածողությունը: Այն համախմբում է «Գալաքսի» համայնքին, դառնում մեր մշակույթի մի մասը, իսկ 2020թ.-ից արդեն ինստիտուցիոնալ մոտեցում է մեր թիմերի համար, որոնք ընտանիքներով ու ընկերներով պարբերաբար ունկնդրում են սիմֆոնիկի կատարումները, հաղորդակցվում դասական արվեստին: Ես շնորհակալ եմ մեր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, որ գնահատում են այս նախագիծը, և որ մեր համայքում օր օրի ավելանում է դասական երաժշտությունը գնահատողների թիվը»,- նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Գուրգեն Խաչատրյանը։
Նախաձեռնությունը սկիզբ է դրել նոր կորպորատիվ մշակույթի ձևավորմանը' օրինակ ծառայելով Հայաստանում գործող այլ ընկերությունների համար։
«Մենք ջանում ենք հանրային ընկալումներում դասական երաժշտությունը հատվածական փորձառություններից վերածել ապրելակերպի։ Շատ ցանկալի է, որ մարդկանց համար բացառիկ իրադարձություն լինի ոչ թե դասական երաժշտության համերգի հաճախումը, այլ, օրինակ, որևէ լեգենդար կատարողի կամ հազվադեպ հնչող ստեղծագործության ունկնդրումը համերգասրահում։ Այս նպատակով է, որ «Գալաքսիի» հետ մեր կորպորատիվ գործընկերության հիմքում տեսնում ենք ընկերությունների խմբի աշխատակիցների մշակութային ակտիվ ներգրավումը՝ նրանց պարբերաբար հրավիրելով մեր նվագախմբի համերգներին»,– նշեց
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Գալաքսի» ընկերությունների խմբի համագործակցությունն ընդգրկուն է: Մասնավորապես, «Գալաքսիի» 22-ամյակին նվիրված միջոցառմանը Սիմֆոնիկ նվագախումբը առաջին անգամ կատարեց «Գալաքսիի» համար կազմված հատուկ ծրագիր. բոլոր ժամանակների լավագույն ռոք երգերը հնչեցին դասական մշակմամբ: