Երեկ հայտնի դարձավ, որ արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ու Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ: Լուրը մեծ վրդովմունք է առաջացրել ոչ միայն բուն՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության և դասախոսության շրջանում, այլև հանրության լայն շերտերում։ Մեր այն հարցին, թե ինչու՞ է կառավարությունը գնում նման օպտիմալացման, որը լուրջ դժգոհություն է հարուցել, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց․
«Այս քայլը, նախևառաջ, անտրամաբանական և չհիմնավորված է, մանավանդ՝ հիմա, երբ Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, այդ թվում՝ անվտանգային: Սա, մի կողմից, կարող է առիթ լինել Կառավարության համար անցանկալի ռեկտորներից ազատվելու, մյուս կողմից՝ Երևանի կենտրոնում ազատ շենքային տարածքներ ունենալու համար: Այսպիսի նախաձեռնությունները, եթե իսկապես դրական ազդեցություն պիտի ունենան կրթության ոլորտի զարգացման համար, պետք է գան հենց բուհերից»:
Մինչդեռ, ըստ փորձագետի, այն Կառավարության նախաձեռնությունն է, այն էլ՝ առայժմ գաղնի, որ բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մխիթարյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք միջազգային պրակտիկայում կա նման փորձ և ինչո՞վ է դա համավերագրելի կամ ողջամիտ ՀՀ կրթական համակարգի համար։ Անդրադառնալով դիտարկմանը՝ մեր զրուցակիցը նշեց․
«Միջազգային պրակտիկայում լավագույն համալսարանները երբեք պետության կողմից այնքան մեծ ազդեցության տակ չեն, ինչպես Հայաստանում է: Մեզ մոտ բուհերի կառավարումը գրեթե ամբողջությամբ պետությունն է իրականացնում, շատ թույլ է ինքնուրույնությունը, չենք կարող լիարժեք խոսել ակադեմիական ազատությունների մասին»:
Մխիթարյանի պնդմաբ, պետք է հասկանալ, որ բուհը նախևառաջ այնտեղ սովորողներն են, դասախոսները:
«Ինչպե՞ս կարելի է նման ճակատագրական որոշումներ կայացնել առանց ուսանողների, բուհերի ղեկավարության կարծիքը հաշվի առնելու: Իմ գնահատմամբ՝ այսպիսի որոշումը որևէ կերպ չի նպաստելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը, կրթության որակի բարելավմանը»,-եզրափակեց կրթության փորձագետը:
Արա Ալոյան