Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը շնորհակալություն է հայտնել ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին, նշելով, որ նրա ղեկավարած կազմակերպության իրականացրած ծրագրերը բարենպաստ միջավայր են ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում, լուծում են մի շարք կենսական հարցեր, ինչպես նաև ակտիվացնում են կառուցողական գործընթացներ Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական կյանքում:
Ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի ստորագրությամբ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահին Լեռնային Ղարաբաղի ռուսների հասցեագրած նամակը ասում է.
«Հարգելի Յուրի Լյուդվիգի, Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի կողմից ընդունեք մեր շնորհակալական ամենաջերմ խոսքերը: Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցը դասագրքերի ամբողջական փաթեթով ապահովելու նպատակով ԴԻԱԼՈԳ կազմակերպության կողմից իրականացրած հումանիտար ակցիան իր նշանակությամբ և ծավալով աննախադեպ է Ղարաբաղի պատմության մեջ:
Տասնամյակներ շարունակ օրակարգում գտնվող այդ հարցի լուծումը նախևառաջ վերաբերվում է ղարաբաղյան հողում ապրող մեր հայրենակիցներին' Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին: Դժվար է գերագնահատել այս կարևոր իրադարձության նշանակությունը հատկապես մեր Հայրենիքի բազմակողմանի զարգացման համաեքստում:
Ձեր ակտիվ մասնակցությամբ մեզ հաջողվեց նաև իրականացնել «Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ամառային դպրոց» կրթա-մշակութային ծրագիրը և բացել մանկական ստեղծագործության «Մշակույթ և կրթություն» ցուցահանդեսը: Փոքրիկ ղարաբաղցիների նկատմամբ Ձեր հայրական հոգատար վերաբերմունքը անգին է մեզ համար:
Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ նման ծրագրերի իրականացումը ակտիվացնում են նան մեր օրերում շատ պահանջված կառուցողական գործընթացները հետպատերազմական Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական կյանքում: Դժվար է գերագնահատել Ձեր ծանրակշիռ ավանդը հայ-ռուսական կապերի ամրապնդման, ինչպես նաև մի շարք կենսական հարցերի լուծմանը նպաստելու համար բարենպաստ միջավայրի առաջացման գործում»:
Հիշեցնենք, որ 2022 թ. օգոստոսի 29-ին Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 ռուսալեզու դպրոցում այս ուսումնական հաստատության կոլետիվի, աշակերտների և նրանց ծնողների, Լեռնային Ղարաբաղի հասարակայնության և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ մոտ 17 հազար օրինակ ուսումնական գրականության հանդիսավոր փոխանցման արարողություն: Ուսաումնական գրականության ամբողջական փաթեթի փոխանցումը կատարեց ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը' Լեռնային Ղարաբաղում Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համատեղ: Իսկ ավելի քան 7 հազար օրինակ գեղարվեստական գրականություն փոխանցվեց Լեռնային Ղարաբաղի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը' ղարաբաղյան 108 դպրոցների համար:
Ուսումնական և գեղարվեստական գրականությունը ձեռք է բերվել Եզրասիական համագործակցության հիմնադրամի ջանքերով, իսկ Մոսկվայից Ստեփանակերտ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից' ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ:
Վերջին երեսուն տարիների ընթացքում սա առաջին համակարգված, ծավալուն և հաջող մոտեցումն է Լեռնային Ղարաբաղի դպրոցները ռուսական ուսումնական և գեղարվեստական գրականությամբ ապահովելու հարցի լուծմանը, որը ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է գործընկերների հետ համագործակցաբար:
Նույնպես ԴԻԱԼՈԳԻ աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը այս տարի անց է կացրել երկամսյա ամառային դպրոց, ուր ռուսաց լեզվի, մշակույթի, Ռուսաստանյան պետության և բանակի պատմության, ժողովրդական բանահյուսության, ավանդույթների և կիրառական արվեստի անվճար դասընթացներ են տեղի ունեցել: Իսկ սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտում հաջողությամբ կայացել է երկամսյա ամառային դպրոցի սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը' «Մշակույթ և կրթություն» խորագրով: