Մինչ Հայաստանի ևԱդրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին խոսակցությունները հետզհետե դառնում են ավելի առարկայական և այդ ուղղությամբ կողմերը՝ միջազգային հանձնառու ուժերի մասնակցությամբ, որոշակի, գոնե թե՝ քաղաքական-դիվանագիտական առաջընթաց են գրանցում, Բաքուն շարունակում է ոչ միայն նոր պայմաններ առաք քաշել, այլև վերահաստել հին ու վտանգավոր նախապայմանները՝ արցախահայության անվտանգային խնդիրներից սկսած մինչև Արցախի զինաթափում և այլն։
Այս իմաստով, ո՞րը պետք է լինի հայկական կողմի պայքարի, հակազդեցության ճանապարհային քարտեզը։ Թեմայի շրջանակում ԼՈՒՐԵՐ․com-ը երկու հարց ուղղեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի վերջին նիստում շարունակեց հոխորտալ Հայաստանի և Արցախի հասցեին․ նա կրկին նշեց, թե այսպես կոչված «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության հարցերը» կկարգավորվեն իր երկրի Սահմանադրության համաձայն՝ թույլ չտալով որևէ կողմի միջամտել այդ գործընթացին։ Ինչպե՞ս կգնահատեք ադրբեջանցի բռնապետի այս հայտարարությունները և պայքարի, հակազդեցության ի՞նչ ճանապարհային քարտեզ ունեք։
Գ․Ս - Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին հարցը չի եղել և չի կարող լինել։ Ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, որն իր մեջ ներառում է նաև Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի և անվտանգության ապահովման հարցերը, արդեն 30 տարի է միջազգայնացված է, ինչը նշանակում է, որ այն քննարկման առարկա է միջազգայնորեն ձևավորված ձևաչափի շրջանակներում։ Միջազգային հանրության կողմից այս հարցերը երբևէ չեն դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին հարցեր, այլապես չէր ձևավորվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, չէր լինի տասնամյակներ տևող բանակցային գործընթացը, որն ի դեպ կայացել է նաև հենց Ադրբեջանի համաձայնությամբ։
Ակնհայտ է, որ 2020 թվականի ագրեսիվ պատերազմից հետո ադրբեջանական կողմը փորձել և փորձելու է այս հարցերում նվազեցնել կամ բացառել միջազգային ակտորների ներգրավվածությունը, իսկ մեր խնդիրն է հակազդել հակամարտության էությունը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերին։ Պայքարի և հակազդեցության այն ճանապարհը, որով պետք է շարունակենք առաջ գնալ այն է, որ շարունակենք աներկբա պնդել, որ ինչպես այլ հակամարտությունների պարագայում, ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության դեպքում ևս, միջազգային հանրությունը պատասխանատվություն ունի ակտիվորեն ներգրավված լինելու։ Ավելին, այս պարագայում, երբ ավելի քան ակներև է ցեղասպանության և էթնիկ զտման վտանգը, միջազգային ներգրավվածությունը ոչ միայն պատասխանատվության, այլև պարտավորության հարց է։
Ի թիվս այլ մեղադրանքների, Ալիևը շարունակեց պնդել, թե Հայաստանն իր զորքերը դուրս չի բերել, իր խոսքով՝ «Ադրբեջանի տարածքից»․ կարճ ասած՝ Բաքուն վերահաստատում է իր նպատակը՝ Արցախի զինաթափման առնչությամբ։ Այս իմաստով ինչ պետք է անել, ո՞րն է ձեր առաջարկությունը։
Գ․Ս - Կան թեզեր, որոնք ադրբեջանական կողմն անընդհատ օգտագործում է Հայաստանին մեղադրանքներ ներկայացնելու և որպես խաղաղության գործընթացը խոչընդոտող կողմ ներկայացնելու համար։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առկայության դեմ պայքարը ևս այդ համատեքստում է։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Արցախում ՀՀ զորքեր չկան։
Պետք է հստակ արձանագրել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ժողովուրդ ՄԱԿ֊ի կանոնադրության և միջազգային այլ հիմնարար փաստթղթերով ունի ինքնապաշտպանության իրավունք և Արցախի պաշտպանության բանակը հենց այդ իրավունքի իրացման արդյունք է։ Միջազգային իրավունքով ինքնապաշտպանությունն արգելված չէ, հետևաբար Արցախի ՊԲ գոյությունը չի հակասում միջազգային իրավունքին և պրակտիկային, ուստի և արդբեջանական պահանջները անհիմն ու ոչ իրավաչափ են։
Անվտանգային այս իրավիճակում անտրամաբանական է կարծել, որ մարդ իր ինքնապաշտպանության չափազանց սուղ գործիքներից մեկը կզիջի, որքան էլ, որ ադրբեջանական կողմը շարունակի իր պահանջները։ Որևէ պարագայում Արցախի ժողովուրդը չի հրաժարվելու իր ինքնապաշտպանության իրավունքի իրացումից՝ մանավանդ հաշվի առնելով անվտանգային այն խնդիրները, որոնք արցախցին ամեն օր զգում է իր կաշվի վրա։ Հակառակը, հենց ստեղծված իրավիճակը պարտադրում է անընդհատ կատարելագործել ինքնապաշտպանության հնարավորությունները։
Զրուցեց՝ Արա Ալոյանը