Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հայկական կողմի օրակարգն է լինելու վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալը, ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ խոսակցությունները, եռակողմ հայտարարությունների կատարման ընթացի վերլուծությունը, այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Մեկ տարի է անցել այս ֆորմատով եռակողմ հանդիպումից հետո, և կարծում եմ՝ ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Եվ հայկական կողմի օրակարգն այն հարցերի պարզաբանումն է, որոնք մինչև այս պահը՝ վերջին 1 տարվա ընթացքում, տեղի են ունեցել, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիան և դրա հետևանքները: Նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունն է լինելու հայկական կողմի ակնկալիքը հանդիպումից»,-ասաց Խանդանյանը:
Իսկ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում: Դա Հայաստանի համար կարմիր գիծ ու պահանջ է:
Նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ընդգծեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ, այլ անհրաժեշտություն է: «Անկախ նրանից, թե բանակցություններն ինչ ընթացք կստանան, այն, ինչը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևէ չի հանդուրժվելու, նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից: Մնացած բոլոր դեպքերում դա պահպանելու է լարվածությունը մեր սահմանների վրա, իսկ դա ոչ ոքի լավ տեղ չի հասցնելու»,-ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով բանակցություններից առաջ հայկական կողմի հնարավոր նախապայմանի վերաբերյալ հարցին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առհասարակ որևէ բանակցություններում ցանկացած նախապայման, մանավանդ այս գերլարված իրավիճակում, նշանակելու է գործընթացների սառեցում և կանգնեցում, ինչը խիստ վտանգավոր է: Հայկական կողմը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջը հնարավոր հարթակներում ներկայացնում է:
«Պահանջը ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները՝ շատ կոնկրետ և հասցեական: Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջիվերջո զորքերը հետ կքաշի ելման դիրքեր: Եվ բանակցությունների գործընթացում այս պահանջները միմյանց հետ զուգահեռ են ընթանում: Մենք հույս ունենք, որ երբ գա մի պահ, երբ հնարավոր կլինի որևէ տեքստի շուրջ խոսել խաղաղության պայմանագրի վերաբերյալ և որևէ գործնական քայլի անցնել, այդ պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը դուրս կգան Հայաստանի սուվերեն տարածքից և կդադարեցնեն հայկական հողերի օկուպացիան»,-եզրափակեց պատգամավորը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում հաստատել էր Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ ձևաչափով ակնկալվող հանդիպմանն իր մասնակցությունը։