«Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում: Մենք ակտիվորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ եւ հույս ունենք, որ Ուզբեկստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա»,- ասել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաեւայի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Հայաստանում սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի դրսեւորմանը եւ դրան հաջորդած դեպքերին:
Նա նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է իր զինված ուժերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից եւ վերադարձնել ռազմագերիներին, պատանդներին եւ պահվող այլ անձանց:
Կողմերը փաստել են, որ Հայաստանն ու Ուզբեկստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը՝ միաժամանակ շեշտելով, որ համագործակցության ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ուստի լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք կա: Զրուցակիցների կարծիքով երկկողմ հարաբերությունների առանցքային դերը պատկանում է խորհրդարանական փոխգործակցությանը: