Արցախի Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կողմ է քվեարկել Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծին։ Առաջարկություններ նախագծի վերաբերյալ չեն ներկայացվել։

ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվել Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»:

Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի մասին հարցի քննարկումը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ընդհատվել է մինչև Գերագույն դատարանի որոշումը ստանալը»,-ասվում է Արցախի ԱԺ տարածած հաղորդագրության մեջ։

Որոշումն ընդունվել է 30 կողմ ձայնով: