ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թոռնուհին՝ 28-ամյա Նաոմին, հայտնվել է Vogue-ի շապիկին ու խոսել Սպիտակ տանը տեղի ունեցած հարսանիքի մասին։ Համապատասխան լուսանկարներն ու հարցազրույցը հայտնվել են հրատարակության կայքում։
Նաոմի Բայդենը Vogue US-ի ձմեռային թվային շապիկի դեմքն է։ Ամերիկացի առաջնորդի թոռնուհին կեցվածք է ընդունել բազմոցին նստած՝ իր հայրական տատիկին՝ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենին գրկած։ Նաոմին հագել է հարսանյաց զգեստ, որը հատուկ նրա համար նախագծել էր մոդելավորող Ռալֆ Լորենը, իսկ Ջիլը կրում է Reem Acra պիստակագույն մինի: Նկարահանումները տեղի են ունեցել Սպիտակ տանը, որի պատասխանատուն լուսանկարիչ Նորման Ջին Ռոյն է։
Հարցազրույցում Նաոմին կիսվել է հարսանեկան արարողության մանրամասներով, որը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, Սպիտակ տանը։ Նրանք ողջ պատրաստությունը վստահել են Բրայան Ռաֆանելիին, ով մասնակցել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դստեր՝ Չելսի Քլինթոնի և բանկիր Մարկ Մեզվինսկու հարսանիքին։
«Երբեք չէի մտածի, որ ինձ կհետաքրքրի հարսանիքի հրավերի տառատեսակի գույնը, բայց թվում է, թե ես և Պիտերը դրա վրա ծախսել ենք վեց ժամ»,- խոստովանել է Նաոմին՝ ընդգծելով, որ արդյունքում՝ իրենք ընտրությունը կանգ է առել սևի վրա։
Նաոմին հայտնել է, որ ոչ պաշտոնական մասի համար ընտրել է Reem Acra-ից մինչև հատակ հասնող ատլասե զգեստ՝ զարդարված մորական տատիկի՝ Ռոբերտա Բուլետի մարգարիտներով: Հարսանիքը զարդարել է ութհարկանի կիտրոնով տորթը՝ կարագի գլազուրով: Նշվում է, որ աղանդերի բարում ներկայացված են եղել նաև այլ քաղցրավենիքներ, այդ թվում՝ Ջո Բայդենի սիրելի շոկոլադե պաղպաղակը։