Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վտանգավոր կերպով սրվել է։ Ադրբեջանն արդեն մի քանի օր է, ինչ ապօրինի և հանդուգն կերպով փակում է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում շրջակա միջավայրի մասին հոգալու կեղծ պատրվակով ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, գրում է lazarevsky-ն։
«Բաքուն շտապում է իրականացնել իր նպատակները։ Ադրբեջանական նոր սադրանքը հայերին հայրենի հողից քամելու ռազմավարության մի մասն է, որը կարող է հումանիտար աղետ առաջացնել Լեռնային Ղարաբաղում։ Կասկածի տակ է դրվել սննդամթերքի և դեղորայքի մատակարարումը, ինչպես նաև հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը։ Լաչինի միջանցքի շրջափակումը լրացվեց Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման դադարեցմամբ, որն այլևս չի կարելի վերագրել, այսպես կոչված, բնապահպանների նախաձեռնությանը։ Դպրոցը, ինչպես նաև ձմռանը ջեռուցումից զրկվելու սպառնալիքի տակ մնացած բոլոր սոցիալական օբյեկտները դադարեցին աշխատել։
Ըստ իս, Բաքվի գործողությունները նաև փոխզիջումների գնալու և տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելությունը խաթարելու փորձ են։ Բաքուն, ըստ երևույթին, կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի առճակատումն Արևմուտքի հետ բարենպաստ պահ է Անդրկովկասում իր ազդեցության դերը թուլացնելու համար։
Իմ անունից և միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի անունից պահանջում եմ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Հուսով եմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները, դիվանագետներն ու զինվորականները համոզիչ փաստարկներ կգտնեն իրավիճակը նորմալ հունի վերադարձնելու համար։ Հետաձգման հետագա և հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»,-ասել է Զատուլինը։