Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է, այս մասին շեշտեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ արտահերթ նիստում Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին օրենսդրական փաթեթի քննարկմանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
Մինասյանը հիշեցրեց կառավարության ծրագրում ընդգծված է՝ ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Նա հետաքրքրվեց՝ որո՞նք են գործողությունները, որոնցով Արտաքին հետախուզական ծառայությունը պետք է ապահովի կամ նպաստի այդ և այլ նպատակների իրականացմանը:
«Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որ այս ծառայությունը կարողանա ՀՀ շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթել ինֆորմացիա, նույնիսկ հայթայթի այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ: Եվ դրանց հիման վրա վերլուծություն կատարի՝ անվտանգության միջավայրի վերաբերյալ և տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա պետք է որոշումներ կայացվեն: Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաև Հայաստանի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը ևս կարևոր դերակատարություն ունի»,-ասաց Գրիգորյանը:
Պատգամավորը հարցը հստակեցրեց՝ կոնկրետ ի՞նչ գործողություններով պետք է, օրինակ, այսօր Լաչինի միջանցքի հարցը լուծեն:
«Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունով Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է ՌԴ-ին: Եվ ես ուզում եմ ընդդիմությունից լսել հարցադրումներ նաև այս ուղղությամբ, քանի որ Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն հանդիսանում է ՌԴ-ն»,-պատասխանեց Գրիգորյանը:
Իսկ ինչ վերաբերում է ստեղծվելիք ծառայությանը՝ այն պետք է ինֆորմացիա հայթայթի ու վերլուծություն տրամադրի: Հիմնական գործողություններն այդ ծառայությունը չի կատարելու, կատարումն այլ ծառայությունների վրա է: