Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է ծանր մնալ, ամենաբարդը Բախմուտում և Սոլեդարում է, սակայն ուկրաինական բանակը լրացուցիչ ստորաբաժանումներ է տեղակայում այնտեղ պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով, Բախմուտն ու Սոլեդարը Դոնեցկի շրջանում շարունակում են մնալ ամենաթեժ կետերը ուկրաինական ճակատում։
«Ծանր մարտեր են ընթանում Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում: Բախմուտը կանգուն է, ինչ էլ որ լինի։ Ու թեև քաղաքի մեծ մասն ավերվել է ռուսական հարվածներից, մեր զինվորները հետ են մղում ռուսական հարձակման մշտական փորձերը։ Սոլեդարը դիմանում է: Թեև այնտեղ ավելի շատ ավերածություններ կան, և շատ դժվար է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
«Դուք պետք է հասկանաք, որ մեր բոլոր դիրքերը, պաշտպանության բոլոր գործողությունները փոխկապակցված են, և ընդհանուր ճակատում գործողությունների կայունությունն ու արդյունավետությունը կախված է ճակատի յուրաքանչյուր կետում գործողությունների ճկունությունից և արդյունավետությունից», - եզրափակել է Զելենսկին: