NEWS.am-ը հայտնում է, որ այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3 զինվորական. Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն բուժական գծով, նախարարի խորհրդական այրվածքաբանության գծով Կարինե Բաբայանը:
Նրա խոսքով, վերակենդանացման բաժանմունքում գտնվողների վիճակը գնահատվում է ծանր, այնտեղ կա նաեւ շնչուղիների այրվածք: «Նրանք գտնվում են վերահսկողության տակ, կատարվում են վիրակապություններ: Նախնական ախտորոշումը եւ ծանրության աստիճանը որոշվել են: Երրորդ զինվորի վիճակը ավելի կայուն է, բավարար: Նրա մոտ ստորին վերջույթների այրվածքներ են՝ բոցով: Բոցն ավելի խորն է այրում, բնականաբար, խորը այրվածքներ կան: Երրորդ կարգի կամ գուցե ավելի խորը: Բոլոր երեքն էլ բոցից են այրվել»,-ասաց նա:
Բաբայանը նշեց նաեւ, որ այն բուժառուները, որոնց գլուխն է այրվել, բնականաբար, դեմքերն այտուցված են. «Բոլոր տեսակի շնչուղիների այրվածքները կյանքի համար վտանգավոր են: Երբ գտնվում են կլինիկայում, ավելի կառավարելի են այդ հիվանդները:
Այրվածքային հիվանդությունը երիցս ավելի շատ վտանգավոր է լինում 3-4-րդ օրը, երբ զարգանում է օրգանիզմի թունավորում: Այդ ժամանակ մենք ավելի ինտենսիվ ենք պայքարում:
Ներքին օրգանների այրվածքի մասին երբեք չի կարելի խոսել: Վերին եւ ստորին շնչուղիների այրվածքների մասին ավելի հստակ կարելի կլինի խոսել 3-4-րդ օրը՝ որոշակի հետազոտություններ անելուց եւ որոշակի պատկեր ունենալուց հետո»,-ընդգծեց նա:
Փոխտնօրենի ներկայացմամբ, բոլոր բուժառուները գիտակցություն ունեն. «Պարզապես այն բուժառուները, որոնք վիրակապվել են, իսկ մեր վիրակապությունները կատարվում է խորը ցավազրկմամբ, հիմա քնած են: Երեքն էլ կարող են հաղորդակցվել, եթե չեն գտնվում դեղորայքային քնի մեջ:
Մենք առավոտյան ենք ընդունել հիվանդներին, առավոտյան 7.30-8.30-ին: Առողջապահության նախարարը չի եկել, բայց իրենք տեղյակ են, անընդհատ զանգում են, հետաքրքրվում են»,-ասաց նա՝ հավելելով, որ սպան վերակենդանացման բաժանմունքում գտնվողներից մեկն է: