Aravot.am-ը գրում է. Ամբաստանյալն իրեն մեղավոր չի համարում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է Նոյեմբերյան քաղաքից սերված, Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Ա. Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով («Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը»): Նրան այդ հոդվածով սպառնում է 8-15 տարի ազատազրկում: Ա. Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրա դատվածությունը մարված չէ: Ա. Մաճկալյանն ամուսնացած է, ունի անչափահաս երկու երեխա՝ երկու եւ մեկ տարեկան: Սույն դատավարությունը ընթանում է դռնափակ ռեժիմով: Ապրիլի 12-ին այս գործով դատական հերթական նիստը չի կայացել ամբաստանյալի պաշտպան Անահիտ Ալոյանի դատարան չներկայանալու պատճառով: Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 22-ին դատարանում կհարցաքննվի այս գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացություն տված դատաբժիշկը: Նշենք, որ ամբաստանյալն անչափահասի բռնաբարության համար իրեն մեղավոր չի համարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ