Այսօր Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկն է՝ Տեառնընդառաջը կամ Տրնդեզը։ Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո տոնը նշվում է որպես 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին:
Տոնի արմատները գալիս են հեթանոսությունից, այն նվիրված էր Միհր Աստծուն։ Քրիստոնեություն ընդունելուց հետո Հայ առաքելական եկեղեցին տոնը քրիստոնեացրել է։
Ըստ հրեական օրենքի' ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էր սրբագործման 40 օրը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր տաճար, զոհ մատուցում իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես էլ Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Հայ եկեղեցու կանոնի համաձայն՝ փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որով ավետվում է Տերունի տոնի սկիզբը: Դրա ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Իսկ փետրվարի 14-ին բուն Տեառնընդառաջի օրն է, բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ: