Երեկ՝ մարտի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, գլխուղեղի վնասվածք, կոմա, հրազենային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ բացատրություն տալու։
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 50-ամյա Ժորա Գ․-ն է։
Արդեն տեղում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցից։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել Կոտայքի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը, վաշտի հրամանատար Արմեն Ավետիսյանը և պարեկներ Նիկոլայ Կաղյանն ու Վահան Թորոսյանը, քանի որ դեպքի վայրին կան հարակից մի քանի փողոցներ։
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը։
Քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է արնանման հետքեր, գլխարկ, որը, հավանաբար վիրավորինն է և հանցագործության հետ առնչվող այլ կարևոր իրեր։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները ու կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործությոյան գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը․ ժամանել են նաև Կոտայքի մարզի դատախազության 2 դատախազ։