Նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել էր Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները։ Այստեղ ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով և դրան հաջորդած քաղաքական գործընթացներում հնարավոր չեղավ տեղական իշխանություն ձևավորել։
Նախորդ տարի կայացած ընրություններում Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր համայնքը 18 տարի ղեկավարած ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը՝ ձայների 49 տոկոսը հավաքելով, սակայն իշխանության գալու համար ավագանու 3 անդամի ձայն էր պակասում: «Հայկական երազանքի» և «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոյկոտեցին ավագանու նիստերը, և համայնքապետ չընտրվեց: Օրենքի ուժով վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց տեղական ընտրություններում պարտված իր կուսակից Արման Սարիբեկյանին։
Այսօր Անի համայնքում իշխանության գալու համար չորս քաղաքական ուժ է պայքարում՝ ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», Անիի նախկին համայնքապետի առաջնորդած «Ազգ-համայնք» դաշինքը, «Իմ հզոր համայնք» և «Հայկական երազանք» կուսակցությունները։ Այս ուժերից երեքը նախորդ ընտրություններին էլ մասնակցել են, պայքարին նոր է միացել միայն «Իմ հզոր համայնքը»: Ցուցակները գլխավորում են՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ Արման Սարիբեկյան, «Ազգ-համայնք» դաշինք՝ Արտակ Գևորգյան, «Հայկական երազանք»՝ Ագուն Սաղաթելյան, «Իմ հզոր համայնք»՝ Արմենակ Նաջարյան, որը նախորդ ընտրություններում «Ազգ-համայնքի» 2-րդ համարն էր:
Արդեն քանի օր է՝ տարբեր աղբյուրներից ահազանգեր են հնչում, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորող թեկնածու Արման Սարիբեկյանի քարոզարշավին են լծվել բոլոր շերտերը՝ իշխանական պատգամավորներից, մարզպետից մինչեւ թաղային հեղինակություններ։ Սարիբեկյանին, ով մինչ այս բարձր պաշտոնին հասնելը ՀայՓոստի կառավարիչ էր աշխատում, այդպես էլ չհաջովեց ամրանալ համայնքում, չնայած այն հանգամանքին, որ հանդիսանում է Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի պրոտեժեն:
Եվ, թերևս, թույլ դիրքերն են պատճառը, որ նրան օգնության է հասել անգամ ՊՎԾ-ն: Բանն այն է, որ ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել Անիի համայնքապետարանում, որոնք, ըստ պաշտոնական հաղորդագրության, կատարվել են 2017-2018 թվականներին, այսինքն այն ժամանակ, երբ համայնքապետ էր այսօր «Ազգ-համայնք» դաշինքով հանդես եկող Արտակ Գևորգյանը: Չի բացառվում, որ սա ընտրություններին ընդառաջ քաղաքական օպոնենտներին ճնշելու ևս մեկ փորձ է իշխող քաղաքական ուժի կողմից: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ինքը Գևորգյանը նախորդ ընտրություններին ընդառաջ չէր բացառել անհրաժեշտության դեպքում ՔՊ հետ կոալիցիայի ձևավորումը, ասել է թե՝ համագործակցության համար բաց էր: Ավելին, 2018-ին, երբ Անի համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպում Արտակ Գևորգյանին մեղադրելով շարք չարաշահումների, անգործության, հարազատներին ու բարեկամներին տարբեր պաշտոնների նշանակելու մեջ՝ հեղափոխական իշխանությունները չնկատելու տվեցին այդ բողոքի ակցիաները և Գևորգյանը շարունակեց իր պաշտոնավարումը:
Անիում կայանալիք ընտրություններում հաղթելու լուրջ շանսեր ունի Ագուն Սաղաթելյանի գլխավորած նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, որը նախորդ ընտրությունների ժամանակ 3-րդ տեղն էր զբաղեցրել: Սաղաթելյանը այն ժամանակ իր ընտրողներին վստահեցրել էր իր գլխավորած քաղաքական ուժը որևէ մեկին չի միանալու, եթե որևէ մեկը ցանկություն ունի իրեն միանալու, թիմով կքննարկեն այդ հարցը, իհարկե՝ իրեն համայնքի ղեկավար ընտրելու պայմանով: Սաղաթելյանը այդպես էլ վարվեց, թեև ՔՊ-ի և «Ազգ-համայնք»-ի ճակատագրերը կախված էին Սաղաթելյանի քաղաքական ուժից, վերջինս իր խոսքի տերը եղավ և սկզբունքորեն որևէ մեկին չմիացավ: Մամուլը գրել էր, որ այդ ընթացքում թե՛ ՔՊ-ական վերնախավը, թե՛ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանն ու նրա թիմակիցները շատ են փորձել բանակցել Սաղաթելյանի հետ, որպեսզի վերջինս մտափոխվի, հրաժարվի իր դրած խիստ պայմանից ու միանա իրենց, սակայն վերջինս անդրդվելի էր:
2022-ի աշնանը անցկացված ընտրություններում «Ազգ-համայնք» դաշինքի 2-րդ համարը զբաղեցնող Արմենակ Նաջարյանն այս անգամ հանդես կգա առանձին քաղաքական ուժով՝ այն է՝ «Իմ հզոր համայնք». այն ունի ավագանու անդամի 39 թեկնածու: Ի դեպ, Նաջարյանը բացառում է, որ Գևորգյանի հորդորով է մտել ընտրապայքարի մեջ, սակայն քաղաքականության մեջ ոչինչ բացառել իհարկե հնարավոր չէ: Նաջարյանի ակտիվության և կատարած գործերի մասին լավագույն կերպով վկայում է այն հանգամանքը, որ վերջինիս լուսանկարը այդպես էլ չհաջողվեց գտնել:
Ընդհանուր առմամբ, Անիում ընտրությունը կայանալու է ներկա իշխանությունների, նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև և «Հայկական երազանք»-ի, որը նորաստեղծ է և ըստ էության բավական ինքնուրույն և սկզբունքային գիծ է առաջ տանում և կարող է հանդես գալ որպես երրորդ ուժ և ռեալ այլընտրանք: