Հայաստանը պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին: Իր ծավալուն հոդվածում գրել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։
Ներկայացնում ենք մի հատված․
«Չինաստանի զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման համար։
2022 թվականին հաջողությամբ անցկացվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության ХХ-րդ համագումարը և կազմվեց Չինաստանի տնտեսական զարգացման նոր պլան։ Այս տարվա մարտին անցկացված «երկու սեսիաների» ժամանակ նախագահ Սի Ծինփինը շեշտեց, որ «բարձր մակարդակի սոցիալիստական շուկայական տնտեսական համակարգի կառուցման և արտաքին աշխարհի նկատմամբ բարձր մակարդակի բացության ապահովման պահանջներին համահունչ՝ մենք պետք է խորացնենք բարեփոխումները առանցքային ոլորտներում և միասնական պլանավորման միջոցով խթանենք ժամանակակից ենթակառուցվածքային ու բարձր չափանիշներով շուկայական համակարգերի կառուցումը, ինչպես նաև ընդլայնենք ինստիտուցիոնալ բացության կայունությունը»: Պատասխանելով չինացի և օտարերկրյա լրագրողների հարցերին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նոր վարչապետ Լի Ցյանը նշել է, որ «բարեփոխումները և բաց քաղաքականությունը ժամանակակից Չինաստանի հետագա ճակատագրի որոշիչ առանցքային քայլերն են: Չինական ոճով արդիականացման առաջխաղացման և երկրորդ դարի պատմական նպատակներին հասնելու համար մենք պետք է հետևենք բարեփոխումներին և քայլենք «բացության ճանապարհով»»: Մենք պետք է պահպանենք սոցիալիստական շուկայական տնտեսության բարեփոխման ուղղությունը, բարձր մակարդակի վրա պահենք բացությունն արտաքին աշխարհի համար և մշտապես ուժեղացնենք զարգացման տեմպն ու կենսունակությունը բարեփոխումների խորացման և բացության գործում»:
«Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա»։ Չինաստանի և Հայաստանի միջև փոխանակումները երկար տարիների պատմություն ունեն։ Հայաստանը գտնվում է եվրասիական տարածաշրջանի կենտրոնում և պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին: Հայաստանի Գառնի և Դվին հնավայրերում հնագետները վաղ միջնադարյան չինական ճենապակի և այլ իրեր են հայտնաբերել։ Վիշապը և փյունիկը չինական մշակույթի և արվեստի կարևոր խորհրդանիշներն են, իսկ կիլիկյան մանրանկարչության մեջ կան բազմաթիվ վիշապային էլեմենտներ, ինչը ցույց է տալիս, որ երկու հնագույն քաղաքակրթությունների միջև եղել են բազմաթիվ նմանատիպ գաղափարներ և փոխկապակցված մշակույթներ: Հին Մետաքսի ճանապարհով հայ վաճառականները Չինաստան էին առաքում ոսկերչական իրեր, դեղորայք, ներկանյութեր և կաշի, իսկ հետ էին բերում մետաքս, խեցեղեն և այլն։ Այս առևտրային ուղին դարձավ նաև հին Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև առևտրային և մշակութային փոխանակման կարևոր օղակ։
Չինաստանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ 31 տարի առաջ Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր' երկու երկրները միշտ հավատարիմ են մնացել փոխադարձ հարգանքի, հավասարության, փոխշահավետության և շահեկան համագործակցության հայեցակարգերին' պահպանելով առողջ առաջընթաց և երկկողմ հարաբերությունների կայուն զարգացում։ Երկու երկրները հաստատակամորեն աջակցում են միմյանց իրենց հիմնական շահերին վերաբերող հարցերում, սերտորեն համագործակցում են կարևոր բազմակողմ հարթակներում։ Երկու երկրների միջև արագ տեմպերով զարգանում է համագործակցությունը տնտեսության, առևտրի, կրթության և մշակույթի ոլորտներում։ Հայաստանն առաջին երկրներից է, որն աջակցել և մասնակցել է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցմանը։
2009 թվականից ի վեր Չինաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը։ Ըստ չինական կողմի վիճակագրության՝ 2022 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է առավելագույն ցուցանիշի՝ կազմելով 1,758 միլիարդ դոլար, տարեկան կտրվածքով աճելով 39,4 %-ով։ Ներկայումս հաջողությամբ առաջ են մղվում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք»-ի կառուցումը, ենթակայանների վերափոխումը, ֆոտովոլտային էլեկտրոկայանների կառուցումն և այլն, որոնք դրական ներդրում են հանդիսանում երկրի տնտեսական զարգացման գործում։ Հայ ժողովրդի, հատկապես երիտասարդների շրջանում աճում է հետաքրքրությունը Չինաստանի և չինական մշակույթի նկատմամբ, շատ և շատ երիտասարդներ ցանկություն են հայտնում սովորել չինարեն լեզուն և ճանաչել չինական մշակույթը։ Բացի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտից, չինական կողմը բացել է Կոնֆուցիոսի ևս 3 դասարան և չինարենի 10 ուսուցման կենտրոն։ Չինարեն ուսումնասիրող տեղացի ուսանողների թիվը շարունակում է աճել'գերազանցելով 3500-ը: Արագ տեմպերով խթանվում է չինարեն լեզվով ուսումնական նյութերի տեղական ստանդարտներին համապատասխանեցումը և չինարեն լեզվի առցանց դասերի կազմակերպումը:
Քանի որ Չինաստանի տնտեսական զարգացումը շարունակում է բարելավվել, բարեփոխումները և բաց քաղաքականությունը շարունակում են իրենց պտուղները տալ, իսկ կորոնավիրուսային համաճարակի բռնկման կանխարգելումն ու վերահսկումը հանգեցրել են մեծ հաղթանակի: Հանդիսանալով 1,4 միլիարդ բնակչություն ունեցող մեծ շուկա, որտեղ միջին եկամուտ ունեցող բնակչության քանակը կազմում է 400 միլիոն և ավելի՝ Չինաստանի դռներն ավելի ու ավելի կբացվեն, իսկ համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն։
Չինաստանը և Հայաստանը լավ ընկերներ և լավ գործընկերներ են։ Չինաստանը պատրաստ է ձեռք ձեռքի տված աշխատել Հայաստանի հետ և առաջ շարժվել, կիսվել իր զարգացման փորձով ՝ ի շահ երկու երկրների և երկու ժողովուրդների:
Հրավիրում ենք հայ ընկերներին այցելել Չինաստան, սեփական աչքերով տեսնել չինական հասարակության զարգացումն ու փոփոխությունը, սերտորեն շփվել չինացի գործընկերների հետ և ակտիվորեն մասնակցել Չինաստանում անցկացվող բարձր մակարդակի միջազգային միջոցառումներին, ինչպիսիք են չինական միջազգային ներմուծման ցուցահանդեսը, սպասարկման վաճառքի ցուցահանդեսը, կանտոնյան ցուցահանդեսը, սպառողական ապրանքների ցուցահանդեսը և այլն։ Առաջարկում ենք ցուցադրել Հայաստանի շահավետ ոլորտները ու բարձրորակ արտադրանքը չին բարեկամներին, փնտրել երկու կողմերի համագործակցության նոր հնարավորություններ, ակտիվորեն մասնակցել «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և ստեղծել համագործակցության նոր աճի կետեր օդատիեզերական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Ներկայումս Չինաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են ավելի բարձր նոր սկզբնակետում և ստեղծում են զարգացման նոր հնարավորություններ․ չին-հայկական հարաբերությունների խորացումը և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը բխում է երկու ժողովուրդների հիմնարար շահերից և զարգացման միտում ունի։ Վստահ ենք, որ երկու կողմերի համատեղ ջանքերով Չինաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները, անկասկած, ավելի պայծառ ապագա կունենան՝ վստահ և հասուն շեշտադրմամբ»։