Հույսեր չունենաք, թե Հայաստանին, ներառյալ Արցախին խեղդած-խեղճացած պահելու ներկա պայմաններում կնքվելիք ինչ-որ «Խաղաղության պայմանագիր» կարող է մեզ իրական խաղաղություն բերել։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Քանի դեռ հավաքական Արևմուտքը ու ՌԴ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառում, հայ-ադրբեջանական հակամարտության մեջ նրանց «միջնորդությունը» շարունակելու է միայն թևեր տալ Ալիևին՝ իր հայատյաց ու հայասպան ուղեգիծն է՛լ ավելի գազանորեն իրականացնելու համար։
Հույսեր չունենաք, թե Հայաստանին, ներառյալ Արցախին խեղդած-խեղճացած պահելու ներկա պայմաններում կնքվելիք ինչ-որ «Խաղաղության պայմանագիր» կարող է մեզ իրական խաղաղություն բերել։ Ցավոք, ոչ, այդպես չի լինելու։ Խաղաղությունը հնարավոր է ոչ թե Հայաստանին ու հայ ժողովրդին պետական ու ազգային կենսունակության հիմնական նախադրյալներից զրկելու միջոցով, ինչն այժմ արվում է «միջազգային համայնքի» համաձայնությամբ ու մասնակցությամբ, այլ միմիայն տարածաշրջանում տարածքային և ռազմական անհրաժեշտ հավասարակշռության վերականգնումով։
Չխաբնվե՛ք, Հայաստանն առանց Արցախ գոյատևել չի կարող։
Չխաբնվե՛ք, Հայաստանն առանց հզոր բանակ ունենալու գոյատևել չի կարող։
Չխաբնվե՛ք, Հայաստանն առանց հայերի մեծ հայրենադարձության գոյատևել չի կարող։
Չխաբնվե՛ք, Հայաստանն առանց Իրանի հետ ապահով հաղորդակցությունների գոյատևել չի կարող։
Ուրեմն, հայության նշանաբանն առայժմ սա է՝ ինքնապաշտպանություն»,-գրել է նա։