ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1920-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։

Այդ ժամանակ պատերազմի գաղափարին չէր սատարում Սովետական Ռուսաստանը։

1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթի գլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։

1920-ի օգոստոտին Քեմալը Կարաբեքիրին ասում է, որ հայկական արշավանքի դեմ է հանդես գալիս Ռուսաստանը։

Հայաստանի կառավարությունը 1920-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում Սովետական Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր,որի համաձայն Ղարաբաղում, Նախիջեւանում եւ Զանգեզուրում տեղակայվելու էին ռուսական զորքերը՝ ապահովելով հայ բնակչության անվտանգությունը։

Այսինքն՝ Հարավային Կովկասում գլխավոր դերակատարը, հայ բնակչության անվտանգության երաշխավորն ու մեր հիմնական գործընկերը պետք է դառնար Խորհդային Ռուսաստանը։

Բայց Արեւմուտքը չէր ցանկանում դրա հետ հաշտվել ու ծրագրել էր տարածաշրջանից դուրս մղել Խորհրդային Ռուսաստանին։

Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։

Դա թղթի վրա շատ հայանպաստ,բայց իրականում՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու պայմանագիր էր։

Մենք ունեինք ընտրություն.կամ Ռուսաստա՞ն, կամ՝ Արեւմու՞տք/Անտանտի երկրներ/:

Ընտրեցինք Արեւմուտքը, որը մի քանի ամսից հանգեցրեց ՀՀ կործանմանը։

Այդ ամենից օգտվեց Քեմալական Թուրքիան ու սերտացրեց իր հարաբերությունները Սովետական Ռուսաստանի հետ՝ ստանալով վերջինից նույնիսկ ռազմական օգնություն։

1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։

Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։

Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը սեպտեմբերի վերջին դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն տրամադրել։

Կրկնում եմ ՝ Հայաստանն օգնության խնդրանքով դիմեց դաշնակից Արեւմուտքին/Անտատի երկրներին/, սակայն ստացավ մերժում։

Սա հատուկ ասում եմ այսօր Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին։

Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։

1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։

Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։

Ալեքսանդրապոլի պայմանագիրը մեր պատմության ամենախայտառակ պայմնագրերից էր.այդ պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։

Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։

Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։

Այս աղետալի պայմանագիրը կյանքի չկոչվեց,քանի նոյեմբերի29-ից-դեկտեմբերի 2-3-ը Հայաստանում ձեւավորվեց նոր՝Խորհրդային Հայաստանի իշխանություն։

Սա է իրական պատմությունը Կարսի անկման վերաբերյալ։

Հետագայում 1921-ի մարտի 16-ի եւ 1921-ի հոկտեմբերի 13-ի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով Կարսի մարզն անցավ Թուրքիային։

Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն Ալեքսանդրապոլի պայմանագրի համեմատ կործանարար չէին, բայց այնուամենայնիվ հայանպաստ չէին։

1920-ականներին Քեմալական Թուրքիան աստիճանաբար սառեցնում էր իր հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ ու դառնում է հստակ դեպի Արեւմուտք կողմնորոշում ունեցող պետություն։

Արեւմուտքը «քցեց» Հայաստանին,իսկ Թուրքիան՝ Խորհրդային Ռուսաստանին՝ հետագայում դառնալով ՆԱՏՕ-ի անդամ։

Իսկ որո՞նք են Կարսի անկման եւ 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը։

1. Արեւմուտքը գեղեցիկ խոսում է,բայց նույնքան գեղեցիկ էլ «փուռն է տալիս» հայերիս։

2. Թուրքիան նույնքան գեղեցիկ խոստումներ է տալիս Ռուսաատանին ու հետո «քցում» վերջինիս՝ դաշնակցելով Արեւմուտքի հետ»։